Նշանակման օրվանից շատ ջերմ հարաբերություններ եմ ունեցել բոլոր համայնքների ղեկավարների հետ, մինչ օրս ունեմ ջերմ աշխատանքային հարաբերություններ բոլոր համայնքների հետ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
«Սյունիքում ներդրումներն աննախադեպ են եւ այստեղ անհրաժեշտ է լինելու համակարգված, միասնական աշխատանք: Այստեղ անձնական հարաբերությունները փչացնելու կամ այլ պատճառով տուժելու է ողջ մարզը: Շուրջ 40 կրթահամալիր ենք կառուցում, որը ենթադրում է ծանր աշխատանք»,-ասաց նա:
Անդրադառնալով Ներքին Հանդում իրավիճակին, մարզպետն ասաց. «Մենք այնտեղ ունենք խնդիր եւ բոլորն էլ հույս ունեն, որ սահմանազատման գործընթացի արդյունքում բոլոր խնդիրները կլուծվեն»:
Լրագրողի հարցին՝ ճիշտ են արդյոք տեղեկությունները, որ ՌԴ-ն և Ֆրանսիան պատրաստվում են հյուպատոսություններ բացել Սյունքիքում, մարզպետն ասաց. «Փաստաթղթավորված գործընթաց չկա, բայց բոլոր դիվանագիտական կառույցների հետ մենք հարաբերվում ենք ԱԳՆ-ի միջոցով, այս մասով համապատասխան գրություն չենք ստացել»: