
Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված հայտարարությունից հետո ակտիվորեն լծվել են քարոզչության գործին՝ ժողովրդին համոզելով, թե խաղաղությունն արդեն եկել է և, ամենակարևորը, Հայաստանը դրա դիմաց ոչինչ չի զիջել։
Երբ ընդդիմախոսները հիշեցնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին, Նիկոլ Փաշինյանն ասում է, թե առանց Արցախի հարցի փակման խաղաղություն չէր գա։ Իսկ երբ հարցնում են՝ ինչու է Հայաստանի ինքնիշխանությունը զիջվել այսպես կոչված «Թրամփի ուղղու» կյանքի կոչման համար, իշխանականները պնդում են, թե ոչ մի զիջում չի եղել, և ընդդիմադիրները պարզապես հորինում են, որպեսզի մրոտեն Փաշինյանի բերած խաղաղությունը։
ՔՊ-ականներն արդեն մոռացել են, որ ԱԺ իշխանական պատգամավոր Արման Եղոյանը, որը նաև Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահն է, հայտարարել էր, որ ճանապարհի վարձակալության մասով խնդիր կա։
Ճանապարհի վարձակալության գաղափար ամերիկացիներն ունեին, բայց մեզ համար դա ընդունելի չի եղել։ Այս մասին Factor TV-ի եթերում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։
«Նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ։ Ոչ թե ֆունկցիայի իրականացումից ենք վտանգ տեսել, այլ հենց վարձակալությունից։ Այդ տարբերակը մեզ համար ընդունելի չի եղել։ Մտքերի փոխանակում է եղել ամերիկացիների հետ, բայց թեման այդ ուղղությամբ չի շարունակվել։ Եթե ասել ենք՝ “ոչ”, ուրեմն “ոչ”», – ասել էր Արման Եղոյանը։
Սակայն այս հայտարարություններից հետո ակնհայտ է դառնում, որ իշխանությունների «ոչ»-ն իրականում ոչինչ չի նշանակում։ Նրանք հայտարարում են մերժում, բայց երբ Թուրքիան ու Ադրբեջանը պնդում են, հարցը արագորեն տեղափոխվում է «այո»-ի դաշտ։ Արդյունքում՝ Հայաստանի շահերը մղվում են երկրորդ պլան, իսկ առաջնահերթությունը տրվում է թուրքական և ադրբեջանական օրակարգին։