Սուրեն Պետրոսյանը Մոսկվա էր գնացել Փաշինյանի...

Իշխանությունների կողմից հունիսի 12-ին ժողովրդի դեմ բռնի ուժ գործադրելու պահին անհայտ ուղղությամբ անհետացած Սուրեն Պետրոսյանը «ջիհադ» է հայտարարել պառլամենտական ընդդիմությանը և օրերս հայտարարել է, թե «պառլամենտական ընդդիմության ու Դաշնակցության շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը ու մարսեց դա, հետո հայաթափեց ու մարսեց, հնարավոր բոլոր զիջումներն արեց ու անում է, և էլի մարսում է»։ Պետրոսյանը նաև հայտարարել է, թե Փաշինյանը Սյունիքի հանձնումն էլ կմարսի պառլամենտական ընդդիմության շնորհիվ։

Մի կողմ թողնենք այն, որ Պետրոսյանի այս պնդումը մաքուր նիկոլական է և այն ծնվել է իշխանական հայտնի պադվալներում և ենթադրենք ինքը ճիշտ է ասում ու ասածն էլ իր համար համոզմունք է; Այս դեպքում հարց է առաջանում, թե ինքը ինչու էր շաբաթներ առաջ Մոսկվա գնացել Նիկոլ Փաշինյանի բացահայտ հենարան, ընդդիմությունից մանդատ գողացած Իշխան Զաքարյանի հետ։

Եթե պառլամենտական ընդդիմության դեպքում կան հարցեր` արդյունավետ պայքարի, կամ նախկինում գործած մեղքերի ու հանցագործությունների մասով, ապա Իշխան Զաքարյանի մասով (դե մարդը նախկինների ժամանակ ու շնորհիվ ահռելի կապիտալ է կուտակել) այդ ամենին գումարվում է նաև 2020-ից հետո Փաշինյանի հեռացման համար պայքարի դուրս եկած քաղաքացիներին դավաճանելը։

Նորահայտ էդմոնմարուքյան Սուրեն Պետրոսյանը լավ կանի կոնկրետ այս հարցին պատասխանի, իսկ հետո մենք կստեղծենք առիթ, որպեսզի պատասխանի հարցին, թե ինչպե՞ս է ազատվել զինվորական ծառայությունից, այդ նույն ատելի նախկինների ժամանակ։

Հ․Գ․ Հետաքրքիր է, որ պառլամենտական ընդդիմությանը Փաշինյանի հենարանը լինելու մեջ մեղադրանքները հնչում են հենց Պատիվ Ունեմից Թագուհի Թովմասյանի լրատվամիջոցի էջերից։ Ինչո՞վ է Սուրեն Պետրոսյանը միավորում Թագուհի Թովմասյանին և Իշխան Զաքարյանին։ Ովքե՞ր են այս ամենի հետևում կանգնած։ Սրանք էլ հարցեր են, որ դեռ իրենց պատասխանները կստանան։