
Տարվա սկզբից Սերժ Սարգսյանի թիմակիցները սկսել են հրապարակային հարձակումներ Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ փորձելով թուլացնել նրա դիրքերը։ Սակայն արձագանքները հակառակ արդյունքն են տվել։ Քոչարյանի թիմակիցների կոշտ պատասխանը պարզորեն ցույց տվեց այն, ինչ երկար ժամանակ մնացել էր ստվերում՝ երկրորդ և երրորդ նախագահների միջև խորքային տարաձայնություններ կան։ Սրա հետևանքով հանրության համար ևս ավելի տեսանելի դարձավ, որ Քոչարյանն ու Սարգսյանը ներկայացնում են գաղափարապես տարբեր բևեռներ։
Այս տարանջատումից հետո մի քանի սոցհարցումներ արձանագրեցին Ռոբերտ Քոչարյանի վարկանիշի աճ։ «Ռոբասերժական» խոսույթը, որը փորձում էին տարածել իշխանությունները և Սերժ Սարգսյանի թիմակիցները, սկսեց կորցնել ուժը։ Հանրության մի ստվար հատված մերժել է Սերժ Սարգսյանին, և նախկինում այդ ատելությունը փոխանցվում էր նաև Քոչարյանին։ Սակայն այժմ մարդիկ սկսել են տարբերակել այս երկու գործիչներին։
Փոփոխվող քաղաքական դաշտում Քոչարյանի վարկանիշի բարձրացումը, հատկապես Փաշինյանի հեղինակության անկման պայմաններում, լուրջ գլխացավանք է դառնում Սերժ Սարգսյանի համար։ Թերևս հենց այս մտահոգությունն է պատճառը, որ ՀՀԿ քաղաքական դպրոցի նախկին դասախոս Ստյոպա Սաֆարյանը հրապարակային հարթակում կրկին փորձեց կապել Քոչարյանին Սարգսյանի հետ՝ օգտագործելով Հայկ Մամիջանյանի հայտարարությունը։
Սարգսյանը, լավ գիտակցելով իր անվան շուրջ կուտակված բացասական վերաբերմունքը, փորձում է Քոչարյանի հանդեպ ձևավորված դրական ընկալումը մրոտել հին կապերով։ Այդ նպատակով գործի են դրվում ինչպես նախկին, այնպես էլ ներկա թիմակիցները։