Ստացվեց այնպես, որ աղմուկը շատ բարձրացավ․ Արթ...

Այսօր տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի նիստը, օրակարգում ունեինք մեկ հարց՝ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցն էր։ Այս մասին այսօր նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ 

Վանեցյանը տեղեկացրեց, որ գործկոմի նիստի բոլոր մասնակիցները Աբրահամ Խաշմանյանի թեկնածությանը կողմ են քվեարկել. «Առաջադրվել էր մեկ թեկնածու՝ Աբրահամ Խաշմանյանը, գործկոմին մասնակցած բոլոր անդամները կողմ են քվեարկել պարոն Խաշմանյանի թեկնածությանը և պարոն Խաշմանյանը, այսուհետ համարվում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ»։

Անդրադառնալով բարձրացրած աղմուկին՝ Վանեցյանը նշեց. «Իրականում որևէ խնդիր չի եղել, որևէ աղմուկ չի եղել, ինչ որ երկրաշարժ չի եղել, ուղղակի ստացվեց այնպես, որ աղմուկը շատ բարձրացավ, այդ հարցի վրա շատ սևեռվեց հասարակության ուշադրությունը, իրականում եղել է շատ պարզ իրավական կազուս, որի համար առաջիկայում ֆեդերացիայում նշանակվել է ծառայողական քննություն և համապատասխան պաշտոնատար անձինք ֆեդերացիայի կպատասխանեն այդ հարցերին և համապատասխան վերաբերմունք կցուցաբերվի նրանց նկատմամբ։

2019թ-ի հունիսի 26-ին տեղի է ունեցել հերթական ընդհանուր ժողովը, որի ընթացքում հաստատվել է ՀՖՖ նոր կանոնադրությունը, նոր կանոնադրության համաձայն բոլոր հավաքականների մարզիչների նշանակումը վերապահված է ՀՖՖ նախագահին, դա որոշում է ՀՖՖ նախագահը։ Հունիսի 26-ին դա ընդունվել է մեր ժողովի կողմից, որից հետո դա պետք է մուտքագրվեր պետական ռեգիստր, սակայն դա մուտքագրվել է ինչ-ինչ պատճառներով հոկտեմբերի 25-ին, դա 10-օրյա ժամկետում է պետռեգիստրում գրանցում ստանում։ Ֆորմալ առումով այդ 10-օրյա ժամկետը լրանում է վաղը։ Ինձ բերել և ներկայացրել են, որ նոր մարզչի նշանակման հարց կա, մեր աշխատակազմը ինձ չի ներկայացրել, որ պետռեգիստրում դա դեռևս գրանցված չի, դա եղել է զուտ տեխնիկական սխալ, որը եղել է մեր աշխատակազմում մի աշխատակցի կողմից թույլ տրված սխալ, որը պետք է տաներ հունիս ամսին, բայց տարել է հոկտեմբեր ամսին և ոչ մեկին չի ասել դրա մասին, մտածելով, որ հանկարծ իր վրա խոսակցություն չգա, դա է եղել միակ պատճառը և այն աղմուկը, որը բարձրացավ, ընդհանրապես տեղին չէր և մենք այսօր ունենք նոր մարզիչ»։