Սոչիում ավարտվել է Պուտին-Լուկաշենկո հանդիպու...

Սոչիում ավարտվել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և միջազգային հարցերը, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող ճգնաժամը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի այցը Ռուսաստան։ Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալության հրապարակումը։

Սա վերջին երկու ամսվա ընթացքում Լուկաշենկոյի արդեն երկրորդ այցն է Ռուսաստան։

Հանդիպման սկզբում խոսելով Կիմ Չեն Ընի այցի մասին՝ Լուկաշենկոն նշել է, որ կարելի է մտածել նաև «երեքով» համագործակության մասին։ Իսկ արևմտյան սահմանափակումների մասին խոսելիս Պուտինը նշել է, որ Ռուսաստանը և Բելառուսը հաղթահարում են պատժամիջոցների ճնշումը։

Այնուհետև բանակցություններից հետո երկու նախագահները պատասխանել են լրագրողների հարցերին։ Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից մատակարարվող կասետային զինամթերքը «լայնորեն կիրառվում է», ինչը «դուր չի գալիս» նաև ԱՄՆ-ի դաշնակիցներին։ Ինչ վերաբերում է բանակցություններին, Պուտինը նշել է, որ Մոսկվան միշտ կողմ է եղել բանակցությունների։

Պուտինը նաև հերքել է այն հաղորդագրությունները, թե Ռուսաստանը Կիմ Չեն Ընին խնդրել է հյուսիսկորեացի կամավորների ուղարկել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ ՌԴ նախագահը շեշտել է, որ 300 000 մարդ Զինված ուժերի հետ պայմանագիր է կնքել, և երկիրը «կողքից» զինվորների կարիք չունի։