Սկսվել է Արմեն Գրիգորյանի ԱԳ նախարար դարձնելու գործընթացը։
Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից եւ նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ։ Սա նշանակում է, որ արդեն նոր կաբինետում նա կնշանակվի որպես ԱԳ նախարար։
Ի սկզբանե ընդգծված հակառուսական կեցվածք ունեցող, Պուտինին «տուն ուղարկող», պայմանական ասած՝ «սորոսական» թեւի կարկառուն ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը, փաստորեն դարձել է այնքան ընդունելի կերպար Ռուսաստանի համար, որ Մոսկվայում խնդիր չեն տեսնում նրա՝ ԱԳ նախարարություն տեղափոխման հետ եւ պատրաստ են աշխատել մեկի հետ, որի առնչությամբ, դեռ ոչ վաղ անցյալում, խիստ վերապահումներ ունեին, եւ դատելով ռուսական մամուլի հրապարակումներից, նույնիսկ դժկամությամբ էին ընդունում, որ որպես ԱԽ քարտուղար հասանելիություն ուներ Հայաստանում ռուսական ռազմական ներկայության եւ ընդհանուր անվտանգային ոլորտի հետ կապված գաղտնի փաստաթղթերի հանդեպ, ունենալով մտավախություն, որ որպես «սորոսական» հնարավոր է այդ «գաղտնի» փաստաթղթերի բովանդակության գաղտնիությունը լիարժեքորեն չպահի։
Ամեն դեպքում, հիմա արդեն «նորացված» Արմեն Գրիգորյանը դարձել է ընդունելի կերպար, թեեւ մեծ հաշվով, նա մեծ անելիք չունի ԱԳ նախարարի պաշտոնում, քան որպես ֆունկցիոներ իրեն վստահված տեղամասում ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտնի եռակողմ հայտարարությունների լիարժեք ու ամբողջական կատարումը՝ իր բոլոր հետեւանքներով եւ ածանցյալներով հանդերձ։



