Սխալ է արդի դարում հրաժարվել կրոնական բովանդա...

 Կրկին ասպարեզ է բերվել «Հայոց եկեղեցու պատմություն» դպրոցական առարկայի լինել-չլինելու հարցը։ Թե ինչ ընթացք կունենա այդ առարկայի ապագան, կամ կկարողանան արդյոք բարձրաստիճան կրոնավորները պայմանավորվել իշխանությունների հետ նաեւ այս հարցում, ցույց կտա ժամանակը, սակայն վերանալով կոնկրետ առարկայի հետ կապված խնդիրներից, փորձենք հարցին մոտենալ բոլորովին այլ՝ քաղաքական կամ նույնիսկ աշխարհաքաղաքական տեսակետից։

Երբ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացվեց Նյու-Յորքյան ահաբեկչությունը «Ալ Քաիդայի» կողմից, ու ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը հայտարարությամբ հանդես եկավ, օգտագործելով ընդգծված կրոնական-աստվածաբանական բառապաշար, արդեն պարզ էր, որ աշխարհը դեմ հանդիման է կանգնած մի իրականության, երբ որքան էլ խոսվի սեկուլյար աշխարհի մասին, միեւնույնն է, քաղաքականության մեջ կրոնական բաղադրիչը կրկին ստանում է կենսունակություն ու դառնում լուրջ բաղադրիչ։ Հետագա տարիները մինչեւ Աբու-Բաքըր ալ-Բաղդադիի ոչնչացում, եկան ապացուցելու այս իրողության ճշմարտացիությունը։

Նույնիսկ ալ-Բաղդադիի ոչնչացման մասին խոսելիս, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրառելով բառեր ու արտահայտություններ, որոնք կոչված էին նսեմացնելու, ստորացնելու ծայրահեղական ահաբեկիչ իսլամիստներին, այնպես էր ձեւակերպում իր խոսքը, որոնք էլի կրոնական սիմվոլիկայի առումով իրենց մեջ որոշակի ուղերձներ ունեին։ Չենք խորանա իսլամական կրոնա-աստվածաբանական սիմվոլիզմի մեջ։

Արձանագրենք, որ ժամանակակից աշխարհը կառուցված է կրոնա-մշակութա-ավանդույթային բազմաշերտության վրա, հիմնված փոխադարձ հարգանքի, փոխընկալման եւ խաղաղ գոյակցության սկզբունքների վրա։ Այս համատեքստում, օրինակ ՀՀ քաղաքացին ապրելով Հարավային Կովկասում, որտեղ պակաս բազմաշերտ չէ կրոնական պատկերը, չի կարող գոնե տարրական իմացություն չունենալ իրեն շրջապատող ժողովուրդների կրոնական, ազգային, մշակութային եւ ավանդույթային յուրահատկությունների մասին։ Հայաստանի ապագա քաղաքացին, չի կարող հենց Հայաստանում ապրելով, չիմանալ իր կողքին ապրող ռուս, հնդիկ, քուրդ, եզդի հասակակիցների կրոնական հավատալիքների, ազգային նկարագրի բաղադրիչների, մշակութային առանձնահատկությունների կամ ավանդույթների կամ տոների ու սովորույթների մասին։

Ժամանակակից աշխարհը հաղորդակցական աշխարհ է։ Անհնար է որդեգրել միայն սեկուլյարություն ու առաջ գնալ այդ ուղով։ Եթե տնտեսական հեղափոխության մասին է հայտարարում իշխանությունն ու ակտիվորեն աշխատում մերձավոր-արեւելյան բիզնեսի հետ, ապա անհնար է, որպեսզի ապագա գործարարը չիմանա իսլամի նրբությունների մասին, էլ չենք ասում իսլամական բիզնես-էթիկետի։ Կան հարցեր, որոնց հետ պետք է հաշվի նստել, ժամանակակից աշխարհի պահանջների հետ համաքայլ ընթանալու համար։ Իհարկե, կարելի է առարկան դարձնել բովանդակային առումով ավելի ընդգրկուն, հագեցնել ընդհանուր կրոնների պատմության, ավանդույթների ներկայացման, էթնո-մշակութային առանձնահատկությունների նկարագրություններ պարունակող նյութերով, սակայն ամբողջովին հրաժարվելը կրոնական բովանդակության ակադեմիական առարկայից, սխալ է։