Հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 5-ին, Սիրիայի արևմտյան Հոմս քաղաքի ռազմական քոլեջի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է 112 մարդ, հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR): Կազմակերպության տվյալներով՝ նրանց թվում կա 21 խաղաղ բնակիչ։ Եվս 120 մարդ վիրավորվել է։
Սիրիայի իշխանությունները երկրում եռօրյա սուգ են հայտարարել։ Նրանք հարձակման մեջ մեղադրել են «զինված ահաբեկչական խմբավորումներին» և խոստացել են «պատասխանել ողջ ուժով»։ Այս պահին ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ Իդլիբ նահանգի բնակիչները հայտնում են սիրիական բանակի զանգվածային ռմբակոծության մասին՝ ենթադրաբար ի պատասխան անօդաչու թռչող սարքի հարվածի։