Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հայտնել է, որ իր այցը Միացյալ Նահանգներ սկիզբ է դնում Սիրիայի միջազգային հարաբերությունների նոր փուլի և Դամասկոսի և Վաշինգտոնի միջև բացում է բոլորովին այլ հեռանկար։ Այս մասին աշ-Շարաան նշել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Ավելի քան վաթսուն տարի Սիրիան հեռու էր Վաշինգտոնից և մեկուսացված աշխարհի երկրների մեծ մասից, և երկու երկրների միջև եղած անջրպետը խորն էր։ Սա տասնամյակների ընթացքում առաջին անգամ է, որ Սիրիայի նախագահն այցելում է Սպիտակ տուն», - նշել է նա։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ աշ-Շարաան ընդգծել է Միացյալ Նահանգների՝ Սիրիայի կառավարության հետ անմիջականորեն շփվելու անհրաժեշտությունը՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող բոլոր հարցերը։
Աշ-Շարաան նշել է, որ Սիրիան այլևս չի դիտվում որպես անվտանգության սպառնալիք, այլ որպես երկիր, որը կարող է լինել տնտեսական գործընկեր և ներդրումային ուղղություն, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում և գազի հետախուզման ոլորտում։
Ինչ վերաբերում է Իսրայելի հետ հարաբերություններին, նախագահ աշ-Շարաան բացառել է Իսրայելի հետ այժմ ուղղակի բանակցություններ սկսելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ Սիրիայի իրավիճակը բոլորովին տարբերվում է Աբրահամյան համաձայնագրերին միացած երկրների իրավիճակից։ Նա հիշեցրել է, որ Իսրայելը 1967 թվականից ի վեր օկուպացրել է և շարունակում է օկուպացնել Սիրիայի տարածքը։
Սիրիայի նախագահը հավելել է, որ հնարավոր է՝ Միացյալ Նահանգները կարողանա միջնորդի դեր խաղալ ապագայում Աբրահամյան համաձայնագրերի միջոցով Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, բայց ներկայում այս հարցը չի քննարկվում։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ է անում Սիրիայի կառավարությունը հանցագործներին, այդ թվում՝ նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին պատժելու համար, նախագահ աշ-Շարաան պարզաբանել է, որ Ռուսաստանն այլ կարծիք ունի հետախուզվող անձանց Սիրիային արտահանձնելու անհրաժեշտության վերաբերյալ, սակայն արդարադատությունը պետք է իր հունով գնա։ Նա մատնանշել է անցումային արդարադատության հանձնաժողովի ստեղծումը՝ պատասխանատվության ենթարկելու բոլոր նրանց, ովքեր հանցագործություններ են կատարել, այդ թվում՝ Բաշար ալ-Ասադին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 10-ին Սպիտակ տանն ընդունել է Սիրիայի նախագահին։ Այս իրադարձությունը համարվում է պատմական, քանի որ Ահմեդ աշ-Շարաան դարձել է Սիրիայի առաջին նախագահը, որ հյուրընկալվել է Սպիտակ տանը։



