Շվեդիայում վարչապետ Շտեֆան Լյովենը բախվել է կառավարության հավանական ճգնաժամի հետ, քանի որ Ձախ կուսակցությունը կարող է զրկել կառավարության ղեկավարին աջակցությունից, ինչն անվստահության քվեի եւ արտահերթ ընտրությունների կհանգեցնի։ Այս մասին հայտնում է Reuters-ը: Հիշեցնենք, որ Շվեդիայի քաղաքական լանդշաֆտը զգալիորեն պառակտվել է 2018-ի ընտրություններից հետո, երբ Լյովենը ստանձնեց ձախ կենտրոնամետ կառավարությունը` ապավինելով Ձախ կուսակցության եւ աջ կենտրոնական երկու փոքր կուսակցությունների աջակցությանը:
Նշենք, նաեւ, որ անցյալ շաբաթ Ձախ կուսակցությունը սպառնացել էր Լյովենին անվստահության քվեով, եթե նա չչեղարկի նորակառույց շենքերում բնակարանների վարձավճարի վերահսկման առաջարկվող փոփոխությունները:
Ընդ որում, նշվում է, որ Ձախ կուսակցությունը չի կարող ինքնուրույն անվստահության քվեի հասնել, եւ միակ մյուս կուսակցությունը, որը կարծես պատրաստ է առաջադրել այն, կարող են լինել շվեդ դեմոկրատները, որոնց հետ ձախ կուսակցությունը հրաժարվել էր աշխատել:



