Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 7-8-ը Հայաստանում է Շվեդիայի Ռիկսդագի աշխատանքային խումբը, որի ղեկավարը երրորդ փոխխոսնակ Կերստին Լունդգրենն է:
Պատվիրակության կազմում է նաեւ ՇԹ Ռիկսդագի նախագահի առաջին տեղակալ Քենեդ Ֆորսլունդը:
Հայկական կողմից աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունը, ծրագրի նպատակն է զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները եւ տարածել ժողովրդավարական արժեքները:
Համագործակցության առանցքը խորհրդարանականների միջեւ փորձի փոխանակումն է, շփումների ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը:
Այցի ընթացքում կողմերը քննարկումներ են ունեցել «Խորհրդարան/պատգամավորների եւ հասարակական կազմակերպությունների միջեւ հարաբերություններ», «Խորհրդարանի դերն անվտանգության հարցերում», «Դատական համակարգի, դատարանների դերը» եւ «Գենդերային հավասարությունը խորհրդարանում» թեմաներով:
Հյուրերը հանդիպել են ՀՀ ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի եւ ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի հետ:



