Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովի հետ։
Համբարձում Մաթևոսյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպչական և օրակարգային հարցերը։ Նախարարը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն կգործադրի առավելագույն ջանքեր՝ ապահովելու, որ համաժողովը դառնա բնապահպանության ոլորտում կարևոր որոշումների կայացման, ինչպես նաև միջազգային օրակարգում առաջնահերթությունների ամրապնդման և ռազմավարական փաստաթղթերի մշակման արդյունավետ հարթակ։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոլորտային այլ հարցերի։ Մասնավորապես՝ քննարկվել է ջրային ռեսուրսների կառավարման ուղղությամբ համագործակցության խորացման, կլիմայական քաղաքականությունների իրականացման շրջանակում փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների և կարողությունների զարգացման հնարավորությունները։
Կողմերը կարևորել են երկկողմ գործընկերության ընդլայնումը՝ հատկապես կայուն զարգացման, հարմարվողականության և շրջակա միջավայրի պահպանության ուղղություններով։
Նախարարն ու դեսպանը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ երկխոսությունն ու աշխատանքային համագործակցությունը՝ փոխշահավետ ծրագրերի առաջմղման և գործնական արդյունքների ապահովման նպատակով։



