
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շիշ բռնելով հայտնի դարձած Հայկ Սարգսյանը, որը չի ընտրվել ՔՊ վարչության անդամ, փորձում է վրեժխնդիր լինել հարազատ թիմից՝ անվանարկելով այն:
Սեպտեմբերի 30-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով կուսակցության ներսում իր նկատմամբ հարուցված վարույթին, հայտարարեց. «Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու հարցով դիմել է ՔՊ կուսակցության վարչությանը 2025թ. մարտի 4-ին: Հիշեցնեմ՝ դա այն օրն էր, երբ ԱԺ-ում քննարկվում էր իմ կողմից շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր երկու անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը: Բարեբախտաբար, այդ վարույթը չխանգարեց, եւ օրենքն ընդունվեց հաջորդ օրը: Սա ինչու եմ ասում, որովհետեւ ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել. ինչո՞ւ է իմ գործընկեր Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվություն հարուցելու դիմումը ներկայացրել հենց մարտի 4-ին, ոչ թե մեկ այլ օր»,- ասել էր Սարգսյանը։
Սիմոնյանին մեղադրելուց հետո Սարգսյանն անցավ հարազատ կուսակցության անունը սեւացնելուն եւ ասաց, որ կուսակցության հայտարարության մեջ առկա պնդումը, թե այս վարույթի պարզաբանման համար նրան 2 անգամ կանչել են Վերահսկող հանձնաժողով, չի համապատասխանում իրականությանը, եւ ինքը որեւէ առաջարկ չի ստացել կուսակիցներից՝ իր դիմումի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու համար։