Սևանի համայնքապետարանի շենքի տանիքին տեղադրվե...

«Մեծաթիվ բնակչությանն ուղղված ԷԽ և ՎԷ բարձր ազդեցությամբ ցուցադրական-պիլոտային միջոցառումներ» ծրագրի շրջանակում Սևանի համայնքապետարանի վարչական շենքի տանիքին տեղադրվել է 50 կիլովատտ ժամ հզորության արևային համակարգ։ 

Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,  «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էնեգախնայողության հիմնադրամի» և Սևանի համայնքապետարանի համագործակցության արդյունքում՝ ֆինանսավորմամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության,  իրողություն է դառնում 50 կՎտ արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրումը, որը էներգախնայողությանն ուղղված հիմնարար նախաձեռնություն է: 

Ծրագրի իրականացման համար Սևանի համայնքապետարանի կողմից կատարվել է ծրագրի ընդհանուր արժեքի 20 տոկոսի ներդրում: Արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրումը կատարվել է «Էկովիլ» ՍՊԸ-ի կողմից: 

Արևային համակարգի տեղադրմանը զուգահեռ` համայնքապետարանի վարչական շենքի տանիքում իրականացվել են նաև ջերմամեկուսացման աշխատանքներ, որի շնորհիվ էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումները լիովին ծառայելու են իրենց նպատակին:

Օրեր անց համակարգը կգործի, որի արդյունքում հասարակական նշանակության ևս մեկ շենքում կարձանագրվեն էներգիայի խնայողության և վերականգնվող էներգիայի օգտագործման տեսանելի ցուցանիշներ: