
Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված որոշման նախագծում նախատեսված է Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ, որոնց համար 2019 թվականին անօդաչու թռչող սարքերի և արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա ամբողջ տարածքները:
Այդ նախագծում նշված է, որ լճում մաքրման ենթակա է 909.5 հա ջրածածկ տարածք (2019թ․ մաքրվելիք տարածքը ներառյալ), որից 826 հեկտարը ճահճապատ և ջրածածկ տարածքներ են։ Այդ տարածքների մաքրումը համարվում է հրատապ՝ պայմանավորված Սևանա լճում տեղի ունեցող կենսաքիմիական պրոցեսներով, ինչի արդյունքում լիճը «ծաղկում» է:
Նախագծում նաև մանրամասներ են հաղորդվում այն մասին, որ վերջին տարիների ընթացքում Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետ կապված ջրի տակ են հայտնվել ափամերձ անտառածածկ տարածքները, որոնք խիստ բացասական ազդեցություն են ունենում լճի ջրի որակի և մաքրության վրա: Լճում հայտնված ցամաքային ծառաթփային բուսականության փտման արդյունքում առաջացած օրգանական նյութերը նպաստում են լճի էվտրոֆիկացման պրոցեսներին` արդյունքում առաջացնելով տոքսիկ օրգանական նյութեր:
Իսկ դրանք, գումարվելով ծառաթփային բույսերի փտման հետևանքով գոյացող տոքսիկ նյութերին, արդյունքում խիստ բացասական ազդեցություն կունենան լճի կենդանական աշխարհի բնականոն զարգացման վրա` սկսած լճի էկոհամակարգի սննդային շղթայի բուրգի հիմքից` բենթոսից և պլանկտոնից, ընդհուպ սննդային բուրգի գագաթը` արդյունագործական նշանակություն ունեցող ձկները և խեցգետինը, ինչպես նաև ջրլող թռչունները: