Հասարակությունը շարունակում է քննարկել ՍԴ կողմից ընթացիկ տարվա հունիսի քսանին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող գործի առնչությամբ կայացված որոշումը։ Տիրապետող կարծիքները հիմնականում երկու մասի են բաժանվում․ իշխանական եւ մերձիշխանական շրջանակները հայտարարում են, որ որոշումը լավ է ու ճիշտ եւ ՍԴ-ն ազատորեն է իրականացրել իր սահմանադրական արդարադատությունը, իսկ ոչ իշխանական ճամբարը պնդում է ճիշտ հակառակը։ Իրավական ու մասնագիտական հարցերի մեջ չխորանալով, արձանագրենք, որ ՍԴ որոշումը, որքան էլ վատ լինի երկրի եւ հասարակության համար, սակայն ցույց է տալիս մի քանի բան • Գործընթացները, որոնք սկսվել են տարածաշրջանում, շարունակվելու են եւ հասնելու իրենց տրամաբանական ավարտին։ Այսինքն, թե պետք է արձանագրել, որ ռեգիոնի թարմացման պրոցեսը անշրջելի է եւ անխուսափելի։ • Հայաստանի մասով՝ բանակցողի եւ նաեւ բանակցածը, հանձնառածը կյանքի կոչողի փոփոխություն չի նախատեսվում։ Այլ կերպ ասած՝ գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ցմրուր խմելու է այն բաժակը, որը նախապատրաստված է, եւ որը խմելու հանձնառությունը ստանձնվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Սա իր հերթին նշանակում է, որ գոնե առաջիկա մեկ ու կես, կամ երկու տարում Հայաստանում քաղաքական համակարգը պահպանելու է ներկայիս տեսքը, առանց նկատելի փոփոխությունների։ • Պուտին-Փաշինյան եւ Պուտին-Ալիեւ հանդիպումները եւ երեկ տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը վկայում են այն մասին, որ գործընթացները հենց այս պահին էլ շարունակվում են եւ պրոցեսը, որը սկսվել է անցյալ տարվա սեպտեմբերի վերջից, անխափան ու անխաթար կերպով շարունակվում է։



