Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին հիշեցրել է՝ Պաղեստինի...

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Պաղեստինի Պետության ճանաչումը մնում է Իսրայելի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման հիմնական պայմանը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկու անանուն աղբյուրի։

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ-Սաուդը 2018 թվականից ի վեր առաջին անգամ նոյեմբերի 18-ին կայցելի Վաշինգտոն, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Նախորդ ամիս Թրամփը հայտարարել էր, որ հույս ունի, որ Սաուդյան Արաբիան «շատ շուտով» կմիանա այլ մուսուլմանական երկրներին, որոնք ստորագրել են 2020 թվականի Աբրահամի համաձայնագրերը՝ կարգավորելով հարաբերություններն Իսրայելի հետ։

ԱՄԷ-ն, Բահրեյնը և Մարոկկոն կարգավորել են հարաբերություններն Իսրայելի հետ Աբրահամի համաձայնագրերի շրջանակներում։ Թրամփը հայտարարել է, որ շուտով ակնկալում է համաձայնագրերի ընդլայնում։