ՍԱՏՄ-ն 2025 թվականին ստուգումների արդյունքում...

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2025 թվականին իրականացրել է ընդհանուր առմամբ 7569 վերահսկողական միջոցառում՝ պլանային և ոչ պլանային ստուգումներ, դիտարկումներ և մշտադիտարկումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել է 1819 խախտում:

Այս մասին 2025 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսում հայտարարեց կառույցի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:

«Վերահսկողության միջոցառումների թիվն աճել է. հիմնական մասը բաժին է ընկնում մշտադիտարկումներին: 2025 թվականին տեսչական մարմնի գործունեության հիմնական ուղղությունները եղել են սննդամթերքի անվտանգության ապահովումը, հանրային առողջության պաշտպանությունը և վերահսկողության արդյունավետության բարձրացումը: Տարվա ընթացքում իրականացվել են պլանային և ոչ պլանային ստուգումներ, դիտարկումներ, մշտադիտարկումներ, վերահսկողական, մոնիթորինգային և կանխարգելիչ մի շարք միջոցառումներ:

Սննդի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներն են սննդամթերքի անվտանգությունը, անասնաբուժությունը, բուսասանիտարիան և սահմանային վերահսկողությունը: Վերահսկողության թիրախում են սննդամթերքի արտադրությունը, հանրային սննդի և սննդամթերքի իրացման օբյեկտները, սպանդանոցները և բույսերի պաշտպանության միջոցառումները»,- նշեց Տիգրան Պետրոսյանը:

Բանախոսն ընդգծեց, որ տնտեսվարող սուբյեկտների մոտ առավել հաճախ արձանագրված խախտումները հիմնականում կրկնվող և համակարգային բնույթ ունեն և առնչվում են պիտանելիության ժամկետը սպառած կամ վտանգավոր սննդամթերքի իրացմանը, ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքին, ապրանքի պահպանման պայմանների, անձնական հիգիենայի և սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաև աշխատակիցների կողմից նախնական և պարբերական բժշկական զննում անցնելու ժամկետների խախտմանը, ապրանքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի բացակայությանը, Սննդամթերքի անվտանգության կառավարման HACCP համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերը չներդնելու հանգամանքին: Նաև գրանցվել են սանիտարական սպանդ կատարելուց հրաժարվելու և հիվանդ կենդանիների վաճառքի դեպքեր:

«2025 թվականի ծրագրով նախատեսված էր 1010 պլանային ստուգում, որից իրականացվել է 697-ը: 52 տնտեսվարող սուբյեկտների մոտ խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ 645-ի մոտ՝ եղել են: Պլանն ամբողջությամբ չի իրականացվել, բայց այստեղ պետք է հաշվի առնել մի շատ կարևոր հանգամանք՝ 313 տնտեսվարող դադարեցրել է գործունեությունը, լուծարվել կամ փոխել է գործունեության ոլորտը: Դա պարզելու համար մեզ պետք է ժամանակ և ռեսուրս:

Քաղաքացիների, պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների բողոքների հիման վրա իրականացվել է 685 ոչ պլանային ստուգում, որից 365-ի դեպքում խախտումներ չեն հայտնաբերվել, ինչը ցույց է տալիս, որ բողոքները միշտ չէ, որ հիմնավոր են: 320 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության, այդ թվում՝ հետագծելիության շրջանակում իրականացված ստուգումների արդյունքում»,- նշեց ՍԱՏՄ ղեկավարը: