
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը փետրվարի 12-13-ն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը։
Բյուրոյի նիստի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում պատերազմի հետեւանքով վերջին տարիներին ծառացած հումանիտար խնդիրները, անհետ կորածների, ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ճակատագրերին վերաբերող հարցեր: Զեկույցով հանդես է եկել Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանը:
ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Սարգիս Խանդանյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի, առաջին փոխնախագահ Օլեկսանդր Կորնիենկոյի, ԵԱՀԿ ԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության անդամների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է, թե ինչպիսի դեր կարող է խաղալ խորհրդարանական վեհաժողովը հակամարտության կարգավորման եւ խաղաղ բանակցությունների հարցում:
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է նաեւ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին եւ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարիանա Բետսային, որոնք ներկայացրել են Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումները պատերազմի դադարեցման եւ հնարավոր խաղաղության բանակցությունների վերաբերյալ:
ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի անդամներն այցելել են նաեւ Մոշչուն (Բուչա)` ծանոթանալու պատերազմի հետեւանքների հետ և հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին: