Իշխանափոխությունից մեկուկես տարի անց Դավիթ Սանասարյանը բացահայտում է այն անպատասխանատու մոտեցումը, որը ցուցաբերել է իշխանափոխություն իրականացրած թիմը՝ պաշտոններ բաժանելիս ։Օրերս «Ազատություն» ռադիոկայանի եթերում Սանասարյանը հայտարարել է․«Վարչապետը ինձ հարցրել է, թե որտեղ եմ ինձ տեսնում, ես երեք տեղ եմ ասել, երևի հրապարակային էսքան ժամանակ չեմ ասել, հիմա երևի էդ մասին ասեմ, որևիցե գաղտնիք պարունակող բան չէ, ես ասել եմ՝ ոստիկանապետ, ՊՎԾ պետ և ՊԵԿ [Պետական եկամուտների կոմիտեի] նախագահ: Ոստիկանապետ ես չեմ կարողացել, քանի որ օրենքի խնդիր կար, և այն երկուսի մեջ ես ընտրություն եմ արել և վարչապետին վերջնական ասել եմ, որ ինձ տեսնում եմ Պետական վերահսկողական ծառայության պետ»:
Փաստորեն հաստատվեցին նախորդ տարի մամուլի այն հրապարակումները, որ իշխանափոխություն արած թիմը պաշտոնները մեջ մեջ անելիս չի նայել իր մտավոր, գործնական կարողություններին։ Ամեն մեկը փորձել է իր հերթին մի համեղ պատառ փախցնել։ Իրավիճակն այնքան աբսուրդային է եղել, որ Դավիթ Սանասարյանի նման մարդիկ պաշտոններ են ուզել, որոնց չէին կարող հավակնել, քանի որ օրենքը դա թույլ չէր տալիս, բայց նրանք ցանկացել են, քանի որ օրենք էլ չեն իմացել։
Սանասարյանի բացահայտած գաղտնիքը բացատրում է, թե ինչպես են պատեհապաշտներ, իրենց պաշտոններից հազարավոր կիլոմետրեր հեռու անձիք հայտնվել այդ աթոռներին։ Փաստորեն Պետական պաշտոններին Փաշինյանի թիմը մոտեցել է, որպես ռազական ավարի, որը հաղթանակից հետո բաժանվում է հաղթողների միջև։
Սա դասական թայֆայաբազության օրինակ է ու լավ է, որ այս դառը ճշմարտությունը մենք լսեցինք հենց Փաշինյանի թիմակցի բերանից։ Եվ հիմա հասկանալի է, թե այս իշխանություններն ինչու են տապալում իրենց աշխատանքը, քանի որ մարդիկ նշանակվել են պաշտոնների ոչ թե ըստ կարողությունների, այլ ըստ ցանկության։



