Հայաստանում առաջին անգամ պետական մակարդակով սահմանվում է ուսուցչի նվազագույն աշխատավարձը: Առաջարկվող ֆինանսավորման նոր բանաձևով, ըստ աշխատավարձի հաշվարկի գործակիցների, ուսուցչի նվազագույն աշխատավարձը կկազմի շուրջ 108 հազար դրամ` մեկ դրույքաչափի համար (հարկերը ներառյալ): Դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայումը պայմանավորված է հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ, արդարացի բաշխման և դպրոցների ֆինանսավորման ու ուսուցիչների վարձատրության հետ կապված տարիներով կուտակված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի նիստում, այն ուժի մեջ կմտնի 2020 թ. հունվարի 1-ից և կդառնա իրավական երաշխիք, որ այսուհետ մեկ դրույք դասաժամ պարապող որևէ ուսուցիչ սահմանված չափից ցածր չի վարձատրվի:
Ներկայացնելով նախագիծը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այժմ դպրոցների ֆինանսավորման գործող բանաձևով ուսումնական հաստատություններին հատկացվող գումարն ուղղակիորեն կախված է սովորողների թվից. «Այս մոտեցումը որդեգրվել է 2001 թվականից` նպատակ ունենալով խթանել մրցակցությունը դպրոցների միջև: Սակայն, հաշվի չի առնվել, որ բազմաթիվ դպրոցներ համայնքում միակն են, և դրանցում սովորողների քանակը պայմանավորված է տվյալ համայնքի բնակիչների թվով, ուստի այս դպրոցները չեն կարող մրցակցել խոշոր համայնքների ուսումնական հաստատությունների հետ: Իրականությունն այն է, որ փոքր դպրոցներին հատկացվող գումարները չեն բավարարում նվազագույն ծախսերի համար, և այս իրողությունից ելնելով, տարիներ շարունակ մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը փոքրաթիվ համակազմով դպրոցների համար բյուջետային միջոցների վերաբաշխում են կատարել: Այսինքն` այն գումարները, որոնք կուտակվում էին մեծ դպրոցներում, վերաբաշխման միջոցով հատկացվում էին փոքրերին, որպեսզի կարողանան ապահովել նաև այդ դպրոցների բնականոն աշխատանքը»,-կառավարության նիստում զեկուցել է նախարարը: Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ` նոր բանաձևով, բացի աշակերտների թվից, փոքր համակազմով դպրոցների համար հաշվի է առնվելու նաև կոմպլեկտավորված դասարանների թիվը, որով պայմանավորված է ծախսերի հիմնական մաս կազմող ուսուցիչների վարձատրությունը: Ըստ այդմ` թերհամալրված են համարվում տարրական դպրոցում մինչև 72, հիմնական դպրոցում մինչև 162, միջնակարգ դպրոցում մինչև 207, վարժարաններում ու ավագ դպրոցներում մինչև 135 աշակերտ ունեցող հաստատությունները: Մեծ համակազմ ունեցող դպրոցների ֆինանսավորումը կիրականացվի նախկին սկզբունքով:



