Ռյուտեն Վաշինգտոնում կհանդիպի Թրամփի հետ՝ ՆԱՏ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ապրիլի 8-ին կսկսի իր այցը ԱՄՆ, որը կտևի մինչև ապրիլի 12-ը: Այս մասին հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը։

«Գլխավոր քարտուղարը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ», - ասվում է կազմակերպության մամուլի տեղեկագրում։

Ապրիլի 9-ին Ռյուտեն ելույթ կունենա և կմասնակցի Ռոնալդ Ռեյգանի նախագահական հիմնադրամի ինստիտուտի կողմից կազմակերպված քննարկմանը։

Ապրիլի 10-ից մինչև 12-ը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Բիլդերբերգյան ակումբի խորհրդաժողովին։

Ռյուտեի հանդիպումներն ԱՄՆ ղեկավարության հետ կկայանան Վաշինգտոնի կողմից դաշինքի հասցեին հնչող քննադատությունների ֆոնին։ Թրամփը բազմիցս և կոշտ ձևով քննադատել է ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցների դիրքորոշումը՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններում ԱՄՆ-ին չօգնելու համար։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կարող է կրճատել ՆԱՏՕ-ի ծախսերը։ Նա դաշնակիցներին քննադատել է այն բանի համար, որ նրանք չեն ցանկացել մասնակցել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու գործողություններին։ Թրամփը նաև ՆԱՏՕ-ն անվանել է «թղթե վագր»՝ չբացառելով, որ կարող է վերանայել ԱՄՆ-ի անդամակցությունը դաշինքին։

Այդուհանդերձ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեին ԱՄՆ նախագահն անվանել է «հիանալի մարդ»։