Ռուստամ Բադասյանը ԵՄ գործընկերների հետ քննարկ...

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հեռավար ձևաչափով քննարկել է Հայաստանի դատաիրավական, հակակոռուպցիոն և ոստիկանության բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր։

Քննարկմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, ՀՀ ԱՆ միջազգային իրավական համագործակցության համակարգող խորհրդական Ամալյա Հովսեփյանը, այլք։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանն առաջին փուլով հատկացված 9 միլիոն եվրո դրամաշնորհի համար, որը մասն է 30 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության։

Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացված աշխատանքները, ի թիվս այլ ձեռքբերումների, առանձնացրել է ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանների ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթները, ինչպես նաև անդրադարձել ամբողջությամբ ընդունված օրենսդրական նախաձեռնությանը, որի համաձայն, մինչդատական քրեական վարույթների գործերը (կալանք, խուզարկություն և այլն) և օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասին միջնորդությունները կքննեն բարեվարքության ստուգում անցած դատավորները։

Խոսելով Ոստիկանության բարեփոխումներից՝ Հայաստանի արդարադատության նախարարը ներկայացրել է Պարեկային ծառայության ստեղծման համար իրականացվող աշխատանքները, այս փուլի ձեռքբերումները, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության ստեղծման համար հանրային քննարկման դրված օրենսդրական նախաձեռնության կարգավորումները։ 

Կողմերը նաև քննարկել են առաջիկա յոթ տարիների ընթացքում ոլորտի համագործակցության առաջնահերթությունների, ինչպես նաև արդարադատության ոլորտի երկխոսության հաջորդ նիստի նախապատրաստմանն առնչվող հարցեր։ 

ԵՄ պաշտոնյաներն անկյունաքարային են գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը և վերահաստատել հայաստանյան բարեփոխումների օրակարգին ԵՄ աջակցության հանձնառությունը։




   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն