ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն արդեն հաղորդել է Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինին Մայամիում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների մասին. այս տեղեկատվության հիման վրա Մոսկվան կձևակերպի իր դիրքորոշումը և առաջիկայում առկա կապուղիներով կշարունակի Վաշինգտոնի հետ շփումները: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալություն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դմիտրիևն արդեն հնարավորություն է ունեցել իր ուղևորության արդյունքների մասին նախագահին զեկուցել բոլոր մանրամասներով։ Այժմ պետության ղեկավարի կողմից ստացված տեղեկատվության հիման վրա մենք մտադիր ենք ձևակերպել մեր հետագա դիրքորոշումը և ամենամոտ ժամանակներս շարունակել մեր շփումներն այն առկա կապուղիներով, որոնք այժմ աշխատում են», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։։
Պեսկովը հիշեցրել է, որ «ռուսական կողմի դիրքորոշման բոլոր գլխավոր պարամետրերը լավ հայտնի են Միացյալ Նահանգների մեր գործընկերներին»։
Թե Մայամիից Մոսկվա ինչ փաստաթղթեր է բերել Դմիտրիևը, նա չի պարզաբանել։
Դեկտեմբերի 20-ին և 21-ին ամերիկյան կողմը Ֆլորիդայում առանձին բանակցություններ է վարել ուկրաինական և ռուսական պատվիրակությունների հետ։ Տեղի են ունեցել նաև եռակողմ բանակցություններ եվրոպացի պաշտոնյաների մասնակցությամբ։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը բանակցություններն անվանել է կառուցողական և արդյունավետ։



