Ռուսաստանը մեծացնում է իր ռազմավարական միջուկ...

Ռուսաստանը մեծացնում է իր ռազմավարական միջուկային ուժերի հնարավորությունները նոր և արդիականացված հրթիռային համակարգերի, ինքնաթիռների և սուզանավերի մատակարարումների միջոցով: Այս մասին հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը ՌԴ պաշտպանության նախարարության «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում։

«Հատուկ ուշադրություն է դարձվում ռազմավարական միջուկային ուժերի զարգացմանը։ Սա մեր երկրի դեմ ագրեսիան զսպելու հիմնական տարրն է։ Միջուկային տրիադայի մարտական ​​հնարավորությունների մեծացումը շարունակվում է նոր ու արդիականացված հրթիռային և ավիացիոն համակարգերի, ռազմավարական նշանակության ատոմային սուզանավային հածանավերի մատակարարումների միջոցով», - ասել է Ռուդսկոյը։

Նա նշել է, որ միաժամանակ արդիականացվում են ռազմավարական ոչ միջուկային ուժերը, կատարվում է հիպերձայնային հրթիռային զենքի նոր համալիրների մշակում։

«Ընդհանուր նշանակության ուժերի մարտական ​​հնարավորությունները մեծացնելու նպատակով, առաջին հերթին՝ մեր արևմտյան սահմանների մերձակայքում, բարելավվում է Լենինգրադի և Մոսկվայի ռազմական շրջանների զորքերի մարտական ​ու թվային կազմը», - ասել է Ռուդսկոյը՝ խոսելով ՆԱՏՕ-ի կողմից հնչող սպառնալիքների հետ կապված միջոցառումների մասին։