Մոսկվայում Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը համարում են համահունչ այն նախագծերին, որոնք վերջին տարիներին արդեն քննարկվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:
Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եռակողմ աշխատանքային խումբը զբաղվում է տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ։ Մեր խորին համոզմամբ՝ այդ գործընթացը կարևորագույն դեր է խաղում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, նպաստում է ամբողջ Հարավային Կովկասի տարանցիկ-լոգիստիկ ներուժի կայունացմանն ու բացահայտմանը», - ասել է Զախարովան:
Պաշտոնյան հիշեցրել է, որ երեք երկրների ղեկավարները եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում էին կայացրել 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից ընդամենը մի քանի ամիս անց:
«Արդեն անցկացվել է այդ խմբի 12 նիստ, հսկայական աշխատանք է կատարվել՝ տարածաշրջանային լոգիստիկ ենթակառուցվածքի ներկա վիճակի գնահատման, երկաթուղային, ավտոմոբիլային հաղորդակցությունների օպտիմալ նախագծերի ընտրության մասով։ Հաջողվել է ընդհուպ մոտենալ փաթեթային լուծման, որը ձեռնտու է բոլոր կողմերին։ Ցավոք, այս հարցերում վերջակետ դնել դեռ չի հաջողվել։ Ոմանք պարզապես դա անելու քաղաքական կամք չունեն, և դա մենք չենք», - ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը վերահաստատել է, որ Մոսկվան պատրաստակամ է անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներին, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի բարձր մակարդակով եռակողմ հայտարարությունների դրույթների հիման վրա, որոնցում «հստակ նշված է Ռուսաստանի Դաշնության դերը»։
Ինչ վերաբերում է լրագրողի հարցին՝ կապված Հայաստանի ԱԱԾ կառուցվածքում հաղորդակցությունների պաշտպանության հատուկ ստորաբաժանման ստեղծման մասին, Զախարովան շեշտել է, որ «նշված եռակողմ պայմանավորվածությունների համաձայն՝ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը կոչված են իրականացնելու ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:
Մարիա Զախարովան հավելել է, որ Ռուսաստանն առաջնորդվել է նաև Հայաստանի ապաշրջափակման խնդրով, այդ թվում՝ նաև այն ժամանակ, երբ աջակցել է Երևանի և Անկարայի միջև երկխոսության վերսկսմանը: Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում։
Զախարովայի խոսքով՝ տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների փոխգործակցության համար Մոսկվան ևս մեկ լավ հարթակ է համարում 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակը, որը վերջերս օգտագործվել է նախարարների հանդիպման համար։
«Ակնկալում ենք, որ 2024 թվականին Թուրքիայում հարթակի հաջորդ նիստի ընթացքում կքննարկվի նաև տրանսպորտային թեմատիկան։ Այս ձևաչափի շրջանակներում Երևանի կառուցողական առաջարկները, վստահ եմ, պահանջված կլինեն», - եզրափակել է Զախարովան։