Ռուսաստանը ճնշում է Հայաստանին Ադրբեջանի միջո...

Բավականին հետաքրքիր զուգադիպությամբ եվրոպացի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ Օլիվեր Վարհեի եւ Շառլ Միշելի՝ Հարավային Կովկաս այցի եւ Պուտին-Ալիեւ Մոսկվայում այսօր կայանալիք հանդիպման ֆոնին բավականին ակտիվացավ Ադրբեջանը։ Արդյունքում Գեղարքունիքի մարզում եւ Արարատի մարզի Երասխում անհանգիստ է։

Սրան զուգահեռ, Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուղարովը, կրկին զարմանալի զուգագիպությամբ, խոսելով Պուտին-Ալիեւ այսօրվա հանդիպման մասին, նշել է, որ քննարկվելու է այսպես ասած «միջանցքի խնդիրը», քանի որ կա դիսբալանս՝ Լաչինի միջանցքը գործում է, իսկ Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական տարածքը Նախջվանի, ասել է՝ նաեւ Թուրքիայի հետ կապվող միջանցքը՝ ոչ։

Ըստ էության կարող ենք արձանագրել, որ Հայաստանի վրա հիմա ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից գործադրվում է բավականին մեծ ճնշում՝ հնարավոր կենտրոնախույս տրամադրություններից խուսափեցնելու եւ արդեն գծված հունով «խաղը շարունակել տալու» համար։ Սա հասկանալի է ինքնին, որովհետեւ Արեւմուտքի ակտիվացումը ձեռնտու չէ ռեգիոնի հետ սեփական ճարտարապետության տեսլականն ունեցող Ռուսաստանին։

Ռուսաստանն ունի խանդելու առիթ, որովհետեւ հասկանում է, որ աստիճանաբար կարող է կորցնել Հայաստանը, քանի որ եթե օրինակ Վրաստանով եւ Իրանով դեպի Սեւ ծով ճանապարհը գլուխ բերվեց, ապա Թուրքիան կարող է արագ ինտեգրվել այդ ենթակառուցվածքային ցանցին, իսկ արդյունքում ինքը կմնա Հարավային Կովկասի նոր ճարտարապետությունից։ Ուստի Մոսկվայի համար շատ կարեւոր է ամեն գնով, այդ թվում նաեւ Ադրբեջանին «գործի դնելով» Հայաստանին հետ պահել այդ նախագծերից, հատկապես որ Ադրբեջանին «գործի դնելը» նաեւ որոշակիորեն Բաքվին սիրաշահելով է իրականացվում, ասենք՝ հաղթողի կերպարի ամրապնդման կամ այլ ձեւերով։ Ուստի այս պարագայում, օրինակ Երասխում իրավիճակի լարման հետեւում պետք է տեսնել ռուսական հետք։

Ու քանի դեռ Հայաստանը չի վերադարձել հլու հնազանդ կամակատարի իր կեցվածքին, այդ ճնշումները Մոսկվայի կողմից տարբեր ֆորմատներով շարունակվելու են։