Ռուսաստանն ավարտել է Տու-214 միջին հեռահարության օդանավի սերտիֆիկացումը և սկսում է դրա արտադրությունը։ Այս մասին Պետդումայում հաշվետու ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, հայտնում է TASS-ը։
«Ավիաշինության ոլորտում շարունակել ենք վերականգնել կարողությունները։ Տարվա ընթացքում մասնագետները իրականացրել են առաջադեմ հայրենական լուծումների և նյութերի վրա հիմնված օդանավերի ինտենսիվ փորձարկումներ։ Դեկտեմբերին ավարտեցինք Տու-214 միջին հեռահարության լայների սերտիֆիկացումը։ Եվ այժմ սկսում ենք դրա արտադրությունը»,- ասել է նա։
Ավիացիոն ոլորտի այլ առանցքային նախագծերի թվում Միշուստինը հիշատակել է հայրենական ՄՍ-21 մերձավոր-միջին հեռահարության ուղևորատար ինքնաթիռը, արդիականացված SJ-100-ը, տարածաշրջանային Իլ-114-ը, ինչպես նաև ռուսական շարժիչով «Բայկալ» թեթև բազմաֆունկցիոնալ օդանավը, որը հաջողությամբ իրականացրել է իր առաջին թռիչքը։
«Միաժամանակ զարգացրել ենք նաև անօդաչու ավիացիոն համակարգերը։ Դրանց փորձարկման և կարողությունների խորացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն արդեն տեղակայված են մարզերի մոտ մեկ երրորդում»,- նշել է վարչապետը։
2025 թվականի դեկտեմբերին արդիականացված Տու-214-ը ստացել է տիպային կոնստրուկցիայի հիմնական փոփոխության հաստատումը։ Ինքնաթիռը հաջողությամբ անցել է սերտիֆիկացման փորձարկումները՝ ներկրված սարքավորումները, նյութերը և բաղադրիչները հայրենական նմանակներով փոխարինելուց հետո։ Տու-214 օդանավի տիպային կոնստրուկցիայի փոփոխության վկայականի ստացումը ճանապարհ է հարթում դրանց լիարժեք սերիական արտադրության համար։ Սերիական թողարկումը նախատեսվում է փուլ առ փուլ սկսել բոլոր լրամշակումների ավարտից հետո՝ մինչև 2026 թվականը, ավելի վաղ հայտարարել էր Արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Անտոն Ալիխանովը։



