Ռուսաստանն ու եզդիները․ աշխարհաքաղաքական ընտրություն, որը փրկություն ու վերածնունդ էր
Սեպտեմբերի 27-ին լրացավ եզդի ժողովրդի մեծանուն զավակ, զորահրամանատար Ջանգիր աղայի 150-ամյակը։ Ջանգիր աղան ծնվել է 1874 թվականի սեպտեմբերի 27-ին, Օսմյանյան կայսրության Վանի վիլայեթի Չուբուխլու գյուղում։ Նա Բերկրի շրջանում (Վանա լճից արևմուտք, Կարասու գետի ջրավազան) բնակվող Զուկրի ցեղերի համադաշնության Մանդիկի ցեղի առաջնորդ Խատիֆ աղայի որդին էր։ Ջանգիր աղան երիտասարդ տարիներից ստիպված էր զբաղվել տարածաշրջանի եզդիների անվտանգության ապահովմամբ, իսկ հոր՝ Խատիֆ աղայի մահվանից հետո Վանի շրջանի Զուկրի ցեղի եզդիների ցեղապետն ու անվտանգության միակ ապահովողը դարձավ։
Ջանգիր աղան մարդ էր, ում շնորհիվ այսօր գրեթե 100 հազար եզդի անվտանգ ապրում է նախկին ԽՍՀՄ մաս կազմող Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի Հանրապետությունում, Վրաստանի Հանրապետությունում, Ուկրաինայի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում։
Օսմանյան Կայսրության տարիներին Ջանգիր աղան՝ որպես ցեղապետ, ճանաչված էր Վանի տարածաշրջանի տարածաշրջանային իշխանությունների կողմից։ Եզդիների հետ ցանկացած հարց առանց նրա մասնակցության չէր կարող լուծվել և չէր լուծվում։ Աղան, հասկանալով տարածաշրջանի բարդությունը, բնական է, հույսը միայն Օսմանյան Կայսրության իշխանավորների անվտանգության ապահովման խոստումների վրա չէր դնում, այլ սեփական զինված հեծելազորն էր կազմավորել, որն էլ հարվածային ամուր ուժ էր և վստահության աղբյուր Վանի տարածաշրջանի եզդիների համար։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ցեղական առաջնորդի կարգավիճակով եղել է <<Համիդիյե>> կոչվող անկանոն հեծելազորի հրամանատար։ Դե ֆակտո լինելով <<Համիդիյե>> հեծելազորի հրամանատար՝ Ջանգիր աղան մշտապես հույսը կապել է Ռուսական Կայսրության հաղթանակի հետ։
Ջանգիր աղայի և Օսմանյան Կայսրության տարածքում ապրող եզդիների, վստահաբար նաև հայերի, ասորիների ու այլ ժողովուրդների համար Ռուսական Կայսրությունը համարվում էր փրկության միակ հույսը։ Ռուսական Կայսրությանը ծանոթ եզդիները, այդ թվում Ջանգիր աղան, որ որոշ խողովակներով կապ էր պահում Կայսրության հետ, տեսնում էին, որ ռուսների ենթակայության տակ ապրող փոքր ժողովուրդներն ապրում են անվտանգ և ապահով։
Պատահական չէ, որ Համաշխարհային պատերազմի սկզբում Ջանգիր աղայի առաջնորդած եզդիների գունդն աշխատում էր ռուսական բանակի դեմ մարտական գործողությունների մեջ չմտնել։ 1915 թվականին՝ ռուսական բանակի կողմից Վանի գրավումից հետո, Ջանգիր աղան իր գոնդով ու Սարդար բեկի, Նաջիդ բեկի, Օսման աղայի և Հուսեյն բեկի կողմից առաջնորդվող ևս չորս եզդիական գնդերի հետ անցնում է ռուսների կողմը և պատերազմին այլևս մասնակցում Ռուսաստանի կողմից։
Պատերազմի ավարտից հետո էլ, երբ Ռուսաստանում սկսվեց հեղափոխություն ու կայսրությունը փլուզվեց, եզդիները՝ Ջանգիր աղայի գլխավորությամբ, համարեցին, որ պետք է, այնուամենայնիվ, Թուրքիայի վերահսկողության տակ անցած տարածքներից տեղափոխվեն Ռուսական Կայսրության ազդեցության գոտի՝ վստահ լինելով, որ ցանկացած փոփոխության դեպքում էլ ռուսական որևէ տեսակ իշխանության պարագայում իրենք հնարավորություն են ունենալու խաղաղ կյանք վարելու։ Հենց այդ համոզմունքով Ջանգիր աղան համոզեց իր ցեղակից եզդիներին, ինչպես նաև Ուսուբ բեկի ցեղակից եզդիներին տեղափոխվել Արևելյան Հայաստան, որը համարվում էր Ռուսաստանի ազդեցության գոտի։ Բազմաթիվ այլ եզդիական ցեղեր չհետևեցին նրանց օրինակին՝ համարելով, որ կարող են լեզու գտնել թուրքերի հետ։
Եվ ահա 100 տարի անց Թուրքիայի Հանրապետության տարածքում մնացած տասնյակ եզդիական ցեղեր ցեղասպան քաղաքականության զոհ դարձան, ու այսօր այդ երկրի տարածքում մի քանի հարյուր եզդիներ են մնացել։ Իսկ ահա Ջանգիր աղայի գլխավորությամբ Արևելյան Հայաստան կամ աշխարհաքաղաքական իմաստով Ռուսական ազդեցության գոտի տեղափոխված 12 հազար եզդիները թվով դարձան ավելի քան 150 հազար, որոնցից 100 հազարն այսօր էլ շարունակում է ապրել նախկին ԽՍՀՄ հանրապետություններում։
Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ մեկ մարդու՝ Ջանգիր աղայի աշխարհաքաղաքական ճիշտ ընտրությունը, այն է՝ կողմոնորոշում դեպի Ռուսաստան, հնարավորություն տվեց Օսմանյան Կայսրությունում բացարձակ անգրագիտության և աղքատության մեջ ապրող, ցեղասպանության ամենօրյա վտանգի առաջ կանգնած փոքրաթիվ ժողովրդին կարճ ժամանակում հասնել կրթական էական առաջընթացի, ունենալ տասնյակ գիտնականեր, հարյուրավոր ուսանողներ, մշակութային գործիչներ, առաջին անգամ ունենալ գրատպություն, տպագրել գրքեր, թերթեր, ունենալ ռադիո և զարգացնել ազգային մշակույթը։
Ջանգիր աղայի և իր ցեղակից եզդիների օրինակը, վստահ ենք, ուսանելի կարող է լինել Իրաքում, Սիրիայում ապրող մեր եզդի քույրերի ու եղբայրների համար։ Վստահաբար այդ երկրներում ապրող եզդիներն էլ ճիշտ ընտրության պարագայում կարող են հնարավորություն ստանալ ոչ միայն պահպանել իրենց դիմագիծը, այլև ունենալ էական առաջընթաց։
Հ․Գ․ Հոկտեմբերի 6-ից աշխարհի եզդիներն սկսում են տոնել Ջաժնա Ջամայե (Cejna Cemayê) տոնակատարությունը, որը խորհրդանշում է եզդի ժողովրդի միասնականությունը։ Այս տոնը լավ առիթ է աշխարհի բոլոր եզդիների համար, ովքեր այս օրերին հավաքվելու են Իրաքի Լալիշ սրբավայրում՝ ևս մեկ անգամ մտածելու՝ ի՞նչ անել, ինչպե՞ս անել, որ 10 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը չկրկնվի, հատակպես երբ դրա հետևանքները դեռ ավարտված չեն։ Այս հարցերի պատասխանները գտնելը եզդիների միասնականության տոնի լավագույն արդյունքը կլինի։ Շնորհավո՛ր Ջաժնա Ջամայեն։
Բորիս Մուրազի
Politik.am-ի խմբագիր