Ռուսաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են Իրանի և ԱՄՆ–Ի...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահայանի հետ, հայտնում է Կրեմլը:

Քննարկվել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող աննախադեպ ողբերգական իրադարձությունները՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի և Թեհրանի կոշտ պատասխան գործողությունների համատեքստում: Երկուստեք շեշտվել է կրակի շուտափույթ դադարեցման և քաղաքական-դիվանագիտական գործընթացին վերադառնալու անհրաժեշտությունը։

Վլադիմիր Պուտինը նշել է, որ ռուսական կողմը մեծ աշխատանք է կատարել իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի խաղաղ կարգավորմանն աջակցելու և փոխընդունելի փոխզիջումների որոնման ուղղությամբ։ Այս գործընթացում ակտիվ դերակատարում է ունեցել նաև էմիրաթական կողմը։ Սակայն առկա ձեռքբերումները ձախողվել են ՄԱԿ-ի անդամ ինքնիշխան պետության դեմ իրականացված զինված ագրեսիայի չհրահրված գործողության հետևանքով՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները խախտելու համար։ Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահայանին՝ Էմիրություններում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ բազմաթիվ զբոսաշրջիկներին, ստեղծված ֆորսմաժորային իրավիճակում օգնության ուղղությամբ գործադրվող ջանքերի համար։

ԱՄԷ նախագահը հատկապես ընդգծել է, որ իրանական պատասխան հարվածներն ուղղակիորեն առնչվել են նաև Էմիրություններին՝ վնաս հասցնելով երկրին և վտանգ ստեղծելով խաղաղ բնակիչների համար։ Նրա խոսքով՝ նման հարվածներ են հասցվում, չնայած այն հանգամանքին, որ ԱՄԷ-ի տարածքը որպես հենակետ չի օգտագործվում Իրանի դեմ հարձակումների համար և հետևաբար, դրանք ոչնչով արդարացված չեն։ Վլադիմիր Պուտինն իր հերթին պատրաստակամություն է հայտնել փոխանցել այդ ազդակները Թեհրանին և ընդհանուր առմամբ հնարավոր աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի կայունացման համար։

Առաջնորդները պայմանավորվել են անընդհատ կապի մեջ մնալ։