Ռուսական «Սիստեման» ներդրումներ կանի Երևանում...

Երևանի «Մարս» գործարանում և Մերգելյան ինստիտուտում «Սիստեմա» ԱՖԿ–ն նախատեսում է ներդրումային ծրագիր իրականացնել։ Այս մասին, այսօր՝ հունվարի 29–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե «Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովի հետ հանդիպման ժամանակ քննարկվե՞լ է արդյոք այն հարցը, թե ինչ է արվելու։

Հիշեցնենք, որ այս երկու ընկերությունները («Գույք պարտքի դիմաց» գործարքով 2000–ական թվականներին հանձնվել են ՌԴ կառավարմանը։

«Ես 2024թ․ Մոսկվայում ՌԴ կառավարության ղեկավարի հետ խոսել եմ այդ թեմայով՝ ասելով, որ դուք գույք ունեք ՀՀ-ում` մասնավորապես նկատի ունենալով «Մարս» գործարանը, Մերգելյան ինստիտուտի մի հատվածը, որ պատկանում է ՌԴ-ին։ Ըստ էության, այդ պոտենցիալը չի գործում, որպես պահեստներ են օգտագործվում։ Ես իմ ակնկալիքներն եմ փոխանցել, հույս ունեմ, որ այդ գործարաններն ի վերջո կաշխատեն, որովհետև վերցնել, ոչ մի բան չանելն այնքան էլ տրամաբանական չէ»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ Վլադիմիր Եվտուշենկովը հայտնել է, որ ՌԴ կառավարության ղեկավարի կողմից ուղերձ է ստացել ներդրումային ծրագիր իրականացնելու համար։ Փաշինյանի տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է արտադրության ոլորտին։ Եվտուշենկովը հետաքրքրվել է, թե ինչ կարծիք ունի այդ ամենի մասին ՀՀ կառավարության ղեկավարը։ Փաշինյանի խոսքով՝ ինքը ողջունել է այդ մտադրությունը։

«Ես չգիտեմ՝ այնտեղ սեփականատիրոջ փոփոխություն տեղի ունեցել է, թե ոչ, ամեն դեպքում` դա ՀՀ–ի սեփականությունը չէ, Ռուսաստանինն է։ Ինչ գործառույթներ կամ լիազորություններ ունի Հայաստանը, կիրականացնի դա»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ «Սիստեմա»-ի սեփականատիրոջ հետ պայմանավորվել են, որ նախ պետք է ներկայացվի ներդրումային ծրագիրը։ Կախված նրանից, թե ինչ ծավալների և բովանդակության նեդրումային ծրագիր կլինի՝ կառավարությունն էլ իր հերթին կարձագանքի, թե ինչպես կարող է աջակցել ծրագրի իրականացմանը։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական ընկերության հիմնական բաժնետեր ու սեփականատեր, ռուս հայտնի գործարար Վլադիմիր Եվտուշենկովին։

2001թ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրեցին «Գույք պարտքի դիմաց» գործարքին վերաբերող պայմանագրեր։ Գործարքի շրջանակներում Ռուսաստանը ստացել է «Մարս» գործարանը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ-ն (Մերգելյան ինստիտուտ), «Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ-ն, «Երևանի նյութագիտության ԳՀԻ» ՓԲԸ-ն, ինչպես նաև Հրազդանի ՋԷԿ-ի գույքային համալիրը: Ավելի վաղ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի հետ գործարքը համարել էր Հայաստանի համար լավագույններից մեկը: Այն ժամանակ Հայաստանը Ռուսաստանին հանձնեց մի քանի խոշոր ձեռնարկություններ՝ 100 միլիոն դոլար պարտքի դիմաց։

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Երևանի «Մարս» գործարանն ու Մերգելյան ինստիտուտը Ռուսաստանի Դաշնության կառավարության սեփականությունն են և տևական ժամանակ պայմանագրով հանձնված են եղել «Սիստեմա» ընկերությանը կառավարմանը։ Հիմա էլ ՌԴ կառավարությունը կրկին դիմել է «Սիստեմա»-ին՝ ընկերությունների կառավարումը ստանձնելու համար։