Ռուսական էներգառեսուրսների ներմուծումից հրաժարվելը Գերմանիային իր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մինչեւ 3 տոկոսը կարող է արժենալ կարճաժամկետ հեռանկարում, ցույց են տվել EconPol Europe ցանցի մոդելավորման վրա հիմնված գնահատականները:
«Էներգիայի ներմուծման դադարեցման ծախսերը զգալի կլինեն՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսային համավարակն արժեցել է տնտեսական արտադրության մոտ 4,5 տոկոսը»,- ասել է Մակրոտնտեսության եւ հետազոտությունների Ifo կենտրոնի ղեկավար Անդրեաս Փեյխլը, տեղեկացնում է Reuters-ը:
Նա հավելել է, որ չի կարելի բացառել նաեւ ավելի մեծ տնտեսական անկումներն ու ցնցումները, քանի որ հնարավոր ցնցման մեծությունը անորոշության բարձր մակարդակ է ենթադրում։
Բացի այդ, ըստ նրա, պետք է հաշվի առնել, որ ոլորտի զգալի մասը դեռ չի վերականգնվել համավարակի հետեւանքներից։
Նավթն ու ածուխը հնարավոր է փոխարինել այլ երկրներից ներմուծմամբ, սակայն գազն այդքան էլ հեշտ չի լինի, գրում են հեղինակները։ «Գերմանիան պետք է արագ եւ վճռականորեն նվազեցնի իր կախվածությունը ռուսական գազից»,- ասել է Էներգետիկայի, կլիմայի եւ ռեսուրսների Ifo կենտրոնի ղեկավար Կառեն Պիտելը:
Ամենից առաջ, նրա խոսքով, քաղաքականության միջոցառումները պետք է ուղղված լինեն հանածո վառելանյութերի հնարավորինս շուտ փոխարինման եւ պահպանման խթանների ավելացմանը, նույնիսկ եթե էմբարգոն անխուսափելի չէ:



