Շրջակա միջավայրի նախարարությունը և նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն օրերս ահազանգ է ստացել, որտեղ կից լուսանկարներով ներկայացված են Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման դեպքեր։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
«Վերոնշյալ հարցի կարգավորման նպատակով, նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ Շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին։
Մեկ այլ գրություն է ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում պատշաճ վերահսկողություն իրականացնելու հարցում հատուկ միջոցներ ձեռնարկելու համար։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը»,- ասված է հաղորդագրության մեջ։



