ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ չի ուզում մեկնաբանել առաջին նախագահի հայտարարությունները, սակայն շեշտեց, որ տասը տարի եղել է ՀՀ նախագահ եւ չի եղել որեէ առաջարկ ՄԽ համանախագահների կողմից, կապված Ղարաբաղյան կարգավորման հետ, որ Հայաստանը մերժեր, Ադրբեջանն ընդուներ։ Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից արված այն հայտարարությանը, թե ղարաբաղյան հարցի կարգավորման «բանալին» Ռուսաստանի ձեռքում է․ Ռոբերտ Քոչարյանը ասաց․ «Բոլոր այդ 10 տարիների ընթացքում արված առաջարկներին մենք ասում էինք, որ ունենք վերապահումներ, բայց սկզբունքորեն պատրաստ ենք այդ առաջարկները քննարկել։ Ադրբեջանը այդ առաջարկները կտրականապես մերժում էր։ Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի նման կարգի եզրակացություններին»։
Հարցին՝ որտեղ է գտնվում ղարաբաղյան խնդրի կարգավորման «բանալին», երկրորդ նախագահը նշեց, որ սա այն հարցը չէ, որի լուծման բանալին կարող է լինել մեկ տեղ։ Ըստ երկրորդ նախագահի, դա շատ պարզունակ մեկնաբանություն է եւ այդպես չի լինում իրականում։
«Կան կոնֆլիկտի կողմեր, կան ներգրավված կողմեր, կա եռանախագահություն, և կա Ռուսաստան։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն առանցքային երկրներից է և առանցքային դեր ունի այս գործընթացներում՝ հատկապես վերջին իրադարձությունների կտրվածքով։ Բայց մտածել, որ բանալին մեկ տեղ է դրված, չափից դուրս իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է»։



