ՌԴ-ի, ՉԺՀ-ի և Իրանի զորավարժությունները ներդր...

Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի «Ծովային անվտանգության գոտի - 2023» ռազմածովային զորավարժություններն Օմանի ծոցում ավանդ ներդրեցին  տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում: Նման հայտարարություն է արել Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թան Կեֆեյը։ Այդ մասին տեղեկացնում են ТАСС գործակալությունից:

«Այդ զորավարժություններն ընդլայնեցին Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի՝ ծովում տարբեր ռազմական խնդիրների համատեղ կատարման հնարավորությունները, Է՛լ ավելի ամրապնդեցին ավանդական բարեկամությունն ու համագործակցությունը, ավանդ ներդրեցին ծովում անվտանգության պաշտպանության, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման բնագավառում», - ասված է Կեֆեյի հայտարարությունում:

Երեք երկրների համատեղ զորավարժություններն անցկացվել էին մարտի 15-ից 19-ը: Սրանք արդեն երրորդ եռակողմ ծովային զորավարժություններն էին: Ավելի վաղ դրանք անցկացվել էին 2019 և 2022 թվականներին: