«Ակնհայտ է, որ այս ռազմական դրությունը, որը պետք է ծառայեր պետությունը թշնամիներից պաշտպանելու համար, քաղաքական հակառակորդների դեմ է ուղղվում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը։
Նշենք, որ քաղաքական ուժերի նախաձեռնությամբ վարչապետի հրաժարականի պահանջով երթ է անցկացվում Երևանում։
Ռուստամյանը նշեց, որ արջը 7 երգ գիտի, 7-ն էլ տանձի մասին է։ «Հիմա Նիկոլ Փաշինյանին երբ արթնացնես իր սխալները նշես, ինքը պիտի ասի՝ նախկիններն են մեղավոր, ընդդիմադիրներն են մեղավոր։ Մարդը երբեք չի կարողանում իր սեփական սխալները բաց աչքով տեսնել։ Էդ նախկինները հաղթանակն են ձեռք բերել, իսկ իրեն այդ հաղթանակը փոխանցելուց հետո մենք դառը պարտություն ստացանք, սա փաստ է»,- ասաց նա։
Արմեն Ռուստամյանի խոսքով՝ մեր պետական ու ազգային ողնաշարին է վնաս հացվել։ «Մեր խնդիրն այն է, որ այն վիճակը, որ Նիկոլից հետո ստանում ենք, գոնե կարողանանք շտկել այնպես, որ մեր ազգային շահերը հնարավոր լինի լավագույնս պաշտպանել։ Բայց հնարավոր չէ դա կատարել մի մարդու միջոցով, որն այդ շահերը ոտնահարել է, ոտքի տակ է տվել։ Պետք է գան մարդիկ, ովքեր այս մեղքի մեջ չեն, այլ հնարավոր է միավորվելով ու միասնական բռունցք դառնալով՝ մեր ազգային շահերը պաշտպանել»,- ասաց նա։



