«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» խորագրով հանրահավաք են հրավիրել ապրիլի 5-ին։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը մեկնաբանել է նրա վնասվածքի մասին ԶԼՄ–ներում տարածված լուրը։
Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Քոչարյանը Ծաղկաձորում դահուկ քշելիս վնասվածք է ստացել։ Թերթը չէր բացառել, որ նա այդ պատճառով չի կարողանա մասնակցել ընդդիմության հանրահավաքին։
Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ նախագահը վնասվածքը ստացել է մեկ շաբաթ առաջ։
«Ոչ մի սենսացիոն բան չկա, ցանկացած մարդ, որ ակտիվ սպորտով է զբաղվում, ժամանակ առ ժամանակ վնասվածքներ է ստանում։ Նախագահ Քոչարյանն այժմ տնային պայմաններում ինտենսիվ բուժում է ստանում։ Հանրահավաքին կմասնակցի նախագահը, թե ոչ, կախված կլինի նրա ինքնազգացողությունից»,– ասել է Միկոյանը։



