«Քուչի» խուժանից մինչև ոստիկանություն ճնշում...

«Քուչի» խուժանից մինչև ոստիկանություն ճնշում են այն մարդուն, ով ուզում է մասնակցել ՏԻՄ ընտրությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Օրվա իշխանության հարցերը իրավական գործընթացով չեն լուծվելու, իրենց պետք է լիարժեք ու համարժեք հակազդեցություն, և մենք կենտրոնանալու ենք դրա վրա: ՏԻՄ ընտրություններին 2-3 օր հետո կհրապարակենք բոլոր այն համայնքները, որտեղ մասնակցելու ենք, ճնշումներին տեղիք չենք տալու, բայց ակնհայտ տեսնում ենք, որ այս բռնաճնշումները գործընթացի վրա ազդեցություն ունենում են, քաղաքացին, ով պատրաստվում է առաջադրվի, մտնում է ոստիկանություն՝ տեղեկանք ուզելու, դուրս է գալիս, մի ժամ հետո անմիջապես ոստիկանությունից զեկուցում են, որ այս ինչ համայնքի այս ինչ մարդը տեղեկանք է վերցրել առաջադրվելու համար:

Սկսում են տարբեր մարմիններ՝ «քուչի» խուժանից սկսած մինչև ոստիկանություն, անվտանգություն, հարկային մարմիններ, մարդկանց ճնշել՝ ասելով, որ խնդիրներ կունենաս, անձնական հարցեր կունենաս, հրաժարվիր, մի առաջադրվիր։ Սա ամբողջ Հայաստանում տեղի է ունենում, բայց մեր վրա չի ազդելու, մենք մասնակցելու ենք: Ամեն դեպքում սա չի կարող արդյունքների վրա ազդեցություն չունենալ, այս խայտառակ մթնոլորտում մի շարք նման համայնքի ղեկավարներ դարձել են ՔՊ-ի սրտի համայնքի ղեկավարները, որոնց հետ պատրաստվում են կամ դաշինք կնքել, կամ ներառել որպես իրենց ցուցակների առաջին համար։ Սա է ՔՊ-ի իրական դեմքը, ու նման մարդիկ շատ կան, առաջիկայում անունները կտեսնեք ու կզարմանաք»,- նշել է Սաղաթելյանը: