Քրիստինա Քվինը հայ-ամերիկյան բարեկամական կապե...

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը, ելույթ ունենալով Խաղաղության կորպուսի նոր խմբի կամավորների երդման հանդիսավոր արարողությանը, կարծիք է հայտնել, որ կրթության և երիտասարդական զարգացման, ինչպես նաև հայ և ամերիկացի ժողովուրդների միջև կապն ավելի ամրապնդելու գործում կամավորների կողմից արդեն երեք տասնամյակի պատմություն ունեցող գործունեությունն անգնահատելի դերակատարում ունի։  

Խաղաղության կորպուսի կամավորների նոր՝ 29-րդ խմբի մասնակիցների երդման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Խաղաղության կորպուսի տնօրեն Քերոլ Սփենը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ինչպես նաև Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի անձնակազմը՝ տնօրեն Ջոան Ֆեյրլիի գլխավորությամբ։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, շնորհավորելով կամավորների նոր խմբին, ընդգծեց Խաղաղության կորպուսի գործունեության կարևորությունը։

«Անչափ ուրախ եմ ներկա գտնվել այս կարևոր իրադարձությանը։ Օրը հատկապես առանձնահատուկ է նրանով, որ իր ներկայությամբ մեզ պատվում է Խաղաղության կորպուսի կենտրոնական գրասենյակի տնօրեն Քերոլ Սփենը և մեր հայ բարեկամներն ու գործընկերները։ Ես կարծում եմ, որ կրթության և երիտասարդական զարգացման հարցերում Խաղաղության կորպուսի անգնահատելի ներդրումից բացի՝ նրանց ունեցած ներդրումն առավել մեծ կարևորություն ունի մեր երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում։ Խաղաղության կորպուսի առաջին կամավորները Հայաստան ժամանեցին 1992 թվականից, և այդ ժամանակվանից ի վեր 1100 կամավոր է ծառայել Հայաստանում։ Ես առիթ եմ ունեցել շփվել Խաղաղության կորպուսի նախկին կամավորների հետ և նաև այն մարդկանց հետ, ովքեր շփվել են կորպուսի կամավորների հետ այստեղ՝ Հայաստանում, և կարող եմ հստակ փաստել, որ, այո, այս ծրագրի շրջանակն օգնել է, որպեսզի մեր ժողովուրդների միջև կապն առավել սերտ դառնա»,- իր ելույթում ասաց ԱՄՆ դեսպանը՝ միևնույն ժամանակ երախտիքի խոսք հայտնելով այն ընտանիքներին, կազմակերպություններին, որոնք ընդունել են Խաղաղության կորպուսի կամավորներին։

Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց հենց կամավորներին՝ կարծիք հայտնելով, որ վերջիններիս շնորհիվ ավելի են ամրապնդվում բարեկամական կապերը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև։

«Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարության մեր գործընկերներին, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարությանը Խաղաղության կորպուսի կամավորներին ցուցաբերվող աջակցության համար»,- եզրափակեց Հայաստանում ԱՄՆ դեսպանը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոան Ֆեյրլին, ով, ողջունելով ներկաներին, նշեց, որ երդմնակալության արարողության արդյունքում Հայաստանում Խաղաղության կորպուսի մասնակիցների շարքերը կհամալրվեն 21 նոր կամավորներով։ Նա հավելեց, որ ընթացիկ տարին առանձնահատուկ է, քանի որ տեղի ունեցող հանդիսավոր արարողությանն իր մասնակցությունն է ունենում նաև Խաղաղության կորպուսի կենտրոնական գրասենյակի տնօրեն Քերոլ Սփենն, ում ներկայությունը խորհրդանշական է ինչպես կորպուսի հայաստանյան գրասենյակի համար, այնպես էլ խորհրդանշում է Խաղաղության կորպուսի ունեցած համերաշխությունը հայ ժողովրդի նկատմամբ։