Հայաստանի ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանությունը 2025 թվականին առգրավել է 768 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ։ 2024 թվականին առգրավվել էր 426 կիլոգրամ։
Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնելով ՀՀ ՆԳՆ 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։
«Երբ մենք խոսում ենք, օրինակ՝ Քրեական ոստիկանության մասին, նկատում ենք, որ 2025 թվականին առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ, 2024-ին առգրավվել էր 426 կգ։
Ընդ որում, փոքր չափերի մասին չէ խոսքը։ Ձեր հանձնարարականով մենք կենտրոնացել ենք արտադրական և ներմուծման շղթաների վրա։ Սրա արդյունքում է, որ ունենք մեծ խմբաքանակների պատկեր և թույլ չենք տալիս հետագայում փոքր չափերի շրջանառությունը։ Առգրավված, կամավոր հանձնված հրազենի թվաքանակն էլ, եթե դիտարկենք, ապա 2025-ին արձանագրվել է ավելի քան 42 տոկոս աճ։ Ջրային պարեկային ծառայության աշխատանքի արդյունքում նախորդ տարի առգրավվել է 2,5 տոննա ապօրինի որսված ձուկ և շեշտը պետք է դնենք կանխարգելման կոմպոնենտի վրա»,- նշել է ՆԳ նախարարը։
Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ հանցավորության ընդհանուր կառուցվածքի մեջ 1/3-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության բացահայտումներն են, ընդ որում՝ եթե 2024-ին այդ թիվը եղել է 11 հազար 695, ապա 2025-ին այն կազմում է շուրջ 15 հազար դեպք։



