ՄԻՊ (Մարդու իրավունքների պաշտպան) Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե տեղյակ չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ երեկոյան իր ազգականի մասին արած գրառումից: Թաթոյանի խոսքով՝ Քրեական դատավարության օրենսգիրքն է սահմանում, թե ով ինչ ցուցումներ կարող է տալ քրեական գործ հարուցելու համար:
Լրագրողները հիշեցրին՝ ինչ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա հարցրին՝ վարչապետը կարո՞ղ է քրեական գործ հարուցելու ցուցում տալ: Արման Թաթոյանը պատասխանեց.
«Քրեական դատավարության օրենսգիրքը քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն վերապահում է բացառապես դատախազին և ոչ վարչապետին»։
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով»:



