
«Այն, որ Գյուրմրիի ընտրություններում հանդես եկող ՔՊ-ական թեկնածուն դասական փաշինյանական է, նրա գաղափարին, նկարագրին, քաղաքական վարքագծին հատուկ, դա որևէ մեկի համար, կարծում եմ, նորություն չէ»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով երեկ հեռուստաբանավեճի ժամանակ Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի հայտարարությանը, թե «Ղարաբաղն այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին տալիս այնտեղ չծառայելու համար»։
«Ուզում եմ հստակ արձանագրենք, որ Արցախը և Արցախի ՊԲ-ում ծառայությունը շատերիս համար եղել է հպարտություն, շատերս մեր ծառայությունն Արցախի ՊԲ-ում կատարել ենք պատվով և այսօր էլ այդ հիշողությունները դաջված են բոլորիս սրտում»,- նշեց նա։
Անդրադառնալով Գյումրու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի գրասենյակներում, տներում խուզարկություններին, Աբրահամյանն ասաց. «Այն, ինչ երեկ տեղ ունեցավ Գյումրիում, անոնսը ստացել էր չորեքշաբթի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատախանի ժամանակ, երբ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հանձնարարություն իջեցրեց իրավապահ համակարգին գործելու իր պատկերացումների շրջանակներում, իսկ սրա հիմքում ոչ թե օրենքն է, ոչ թե Սահմանադրությունը, այլ իշխող ուժի առաջնահերթությունները, որոնք արտահայտվում են ձերբակալությունների, ճնշումների քարոզչական անթույլատրելի միջոցների կիրառմամբ»։