ՔՊ պատգամավորների հանցանքը չնկատող դատախազի ք...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած աղմկոտ ծեծկռտուքը, որն ուղիղ եթերով տեսել ու լսել են բոլորը՝ հայհոյանքներով, բռնությամբ ու բացահայտ խուլիգանությամբ, դեռեւս իրավական գնահատական չի ստացել։

«Ժողովուրդ» օրաթերթը, արձանագրելով ակնհայտ հանցանքի փաստը, հաղորդում էր տվել հանցագործության մասին։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որը դեպքի պահին ներկա էր եւ սեփական աչքերով տեսել ու լսել էր կատարվածը, մեր դիմումն ուղղեց Երեւանի դատախազություն։ Իսկ Երեւանի դատախազությունն իր հերթին հարցը հանձնարարեց ոստիկանությանը՝ «ուսումնասիրելու» համար։

Հասարակության շրջանում օրինաչափ հարց է առաջանում. ի՞նչն են ուսումնասիրում, երբ ամեն ինչ եղել է հանրային դահլիճում, ուղիղ եթերում։
Այս անգործության ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը որոշեց ուսումնասիրել Երեւանի դատախազի անցյալը։

Ո՞վ է Երեւանի դատախազը

Ինչպես հայտնի է, 2023-ի նոյեմբերի 16-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ Երեւանի դատախազ նշանակվեց Ռաֆայել Մանուկյանը։ Մինչ այդ նա եղել էր Երեւանի դատախազի տեղակալ, դրանից առաջ՝ Արարատի մարզի դատախազի տեղակալ։ Կարելի է ասել, որ նա աստիճանաբար բարձրացել է ծառայողական աստիճանակարգով. բայց նրա հետ մեկտեղ

2009-ին Մանուկյանը, ինչպես վկայում է նրա մորեղբայրը՝ ռուսաստանցի գործարար, «Трансхолод»-ի նախկին տնօրեն Կամո Սահակյանը, «բավականին աղքատ» է եղել։ Վերջինս հիշում է, որ 2011-ին Մանուկյանն ու մայրը իրենից բնակարան են խնդրել, եւ ինքը գնել է՝ ձեւակերպելով Ռաֆայելի մոր անունով։ Հետագայում բնակարանը վաճառվել է, այդ գումարով գնվել է մեկ այլ բնակարան ու թանկարժեք կահույք։

Սահակյանի պնդմամբ, ինքը բազմիցս օգնել է քրոջ որդուն՝ բնակարաններով, տեխնիկայով, նույնիսկ հագուստով։ Ավելին՝ կողմերը պայմանավորվել են, որ Ռաֆայելը պետք է վերադարձնի այդ փողերը։ Սակայն, գործարարի խոսքով, նա վերադարձրել է միայն մեքենայի գումարը, իսկ բնակարանի գումարից հրաժարվել է։ «Ասել է՝ ես հիմա մեծ մարդ եմ, իսկ ինքը ոչինչ», – պատմում է վիրավորված մորեղբայրը։

Կամո Սահակյանը դիմել է Գլխավոր դատախազություն, սակայն նրա բողոքը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ եզրակացրել են, թե «Մանուկյանի արարքում հանցակազմ չկա»։ Նույն պատասխանը գործարարը ստացել է նաեւ վարչապետի գրասենյակի միջոցով կրկին դիմելուց հետո։

Մանուկյանի պատասխանը

Երեւանի դատախազ Ռաֆայել Մանուկյանը իր մորեղբոր պնդումները որակում է «զրպարտություն»։ Նրա խոսքով՝ բնակարանը նվեր է գնվել մոր համար, ոչ թե իր։ Իսկ մորեղբոր վարքագիծը, ըստ Մանուկյանի, պայմանավորված է «հոգեկան անհավասարակշռությամբ»։

Բաց հարց

Արդեն երկու ամիս է անցել ԱԺ խուլիգանական միջադեպից, վարույթ դեռ չի նախաձեռնվել. եթե դատենք Երեւանի դատախազի անցյալից ու նրա շուրջ եղած հակասական պատմություններից, դժվար է հավատալ, որ մոտ ապագայում որեւիցե ՔՊ-ական պատգամավոր պատասխանատվության կենթարկվի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում