
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Հայաստանի «արևմտամետները» ամերիկանամետներ չեն, դեռևս եվրոպամետներ են:
Ամերիկայի ներկայիս վարչակազմը հեղափոխություն է իրականացնում, ինչը պետք է բարձրացնի Ամերիկայի դերը, բայց ոչնչացնի գլոբալիստներին: Սա ԱՄՆ երկու նախագծերի պայքար է և ԱՄՆ ներսում այդ պայքարն ավելի կոշտ է, քան երկրից դուրս:
Ամերիկայում իշխանության է եկել ազգային, կամ ազգայնական կապիտալը՝ կրոնական աշխարհայացքով համեմված, ընդդեմ գլոբալիստական՝ վերազգային ու աշխարհիկ կապիտալի:
Ուկրաինայի պատերազմը ԱՄՆ-ի պատերազմը չէ, դա գլոբալիստների պատերազմն է և եթե Ուկրաինան հաղթի, ապա կպարտվի նաև ԱՄՆ ներկայիս վարչակազմը, բայց կհաղթի ԱՄՆ նախկին և ԵՄ դեռևս ներկա վարչակազմը:
Սա ԱՄՆ ներքաղաքական առճակատումն է երկու էլիտաների միջև: ԱՄՆ գլոբալիստները պարտվել են, հիմա պայքարը գնում է ԵՄ երկու էլիտաների միջև՝ ազգային-պահպանողական ու լիբերալ-գլոբալիստական: Սա երկարաժամկետ պայքար է և անսպասելի շրջադարձերով:
Ուկրաինայի տարածքն ընդամենը այդ հակադիր էլիտաների պայքարի թատերաբեմն է, ինչի համար ռուս-ամերիկյան բանակցություններում Ուկրաինան ու Եվրոպան սեղանի շուրջ տեղ չունեն: Ահա որտեղ կարող է հասցնել պատմության ընթացքը չհասկացողների կառավարումը, երբ սեփական երկիրը դարձնում են երկու համաշխարհային էլիտաների կռվի թատերաբեմ:
Ինչ վերաբերվում է մեզ, ապա ՔՊ ներկայիս վարչակազմը մնացել է որբ»: