
Մինչ այս պահը, քարոզարշավն այնքան էլ նորմալ չէր, հիմա տեսնենք, թե այսօր ինչ վիճակ կլինի. Հուսանք ամեն ինչ նորմալ կլինի: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, Գյումրիի ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը:
«Մինչեւ հիմա թե լրատվամիջոցները, թե քաղաքական ուժերը նշում էին, թե թշնամական հարաբերություններ պետք է լինեն, բայց դուք տեսաք, որ ընդդիմադիր թեկնածուների միջեւ ոչ մի լարվածություն չկա: Այն, ինչ Գյումրիում լարվածություն եղավ եւ շարունակվում է, դա միայն ՔՊ-ի կողմից է արվում»,-ասաց նա:
Անդրադառնալով քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի առաջարկին, որ եթե ընդդիմադիր թեկնածուներից որեւէ այլ մեկը շատ ձայն հավաքի, ինքը կմիանա նրան, Մարտուն Գրիգորյանն ասաց. «Ես դրա մասին արտահայտվել եմ, մի քանի ժամ մնաց, ընտրությունները կավարտվեն, կտեսնենք՝ ով ինչքան քվե կստանա, ինչքան ավագանու անդամներ կունենա, ըստ այդմ մնացածի մասին կխոսենք»:
Նա կրկնեց իր միտքը, որ իր կարծիքով Վարդան Ղուկասյանն իշխանության համար ձեռնտու թեկնածու է. «Բայց դա չի նշանակում, որ ես Վարդան Ղուկասյանին մեղադրել եմ ինչ-որ բանում: Ես ասել եմ, որ ինքն իմ ասածը լավ չի հասկացել, պետք է մի հատ էլ լսի:
Ընդդիմադիր թեկնածուները նորմալ հարաբերությունների մեջ են, դուք տեսաք իմ հոր եւ որդու ձերբակալության ժամանակ գրեթե բոլորը զանգել են, եկել են, հանդիպել են մեզ: Ես չեմ կարծում, որ եթե մենք նեղ պահին կարող էինք համախմբվել, իրար աջակցել, հիմա ընտրություններից հետո պիտի չկարողանանք:
Այն, որ ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է, իսկ մենք ընդդիմադիրներով այդ հարցի շուրջ համաձայնության կգանք եւ այնպես կանենք, որ Գյումրիում ՔՊ-ն իշխանություն չի լինի»,-ասաց նա: