ՔՊ-ի ներսում խուճապ է․ Փաշինյանի վարկանիշը չի...

Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ակնհայտ է դառնում՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում խուճապը խորանում է։ Պատճառը պարզ է ու բավական խոսուն․ մինչ այս պահը հրապարակված բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հանրության ընդամենը շուրջ 20 տոկոսն է պատրաստ քվեարկել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգտին։ Ավելին՝ վերջին ամիսներին իշխանության ձեռնարկած որևէ քայլ չի բերել վարկանիշի աճի․ հասարակական վերաբերմունքը մնում է սառը և հաճախ բացահայտ բացասական։

Այս իրողության ֆոնին սպասվող ընտրությունների ժամանակ իշխանության առաջ կանգնած են ընդամենը երկու սցենար։

Առաջին տարբերակը՝ գնալ տոտալ ընտրական կեղծիքների և պարզապես «թիվ նկարելն» է։ Սակայն սա ամենավտանգավոր ճանապարհն է․ նման զարգացումները կարող են բերել անկառավարելի հետևանքների։ Այս սցենարի դեպքում հատկանշական է, որ Հայաստանի երկրորդ նախագահը և ներկայումս ընդդիմադիր ամենամեծ ուժի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ամիսներ առաջ հայտարարել է՝ կոպիտ միջամտությունների դեպքում իշխանությունները պետք է պատրաստ լինեն հեղափոխական զարգացումների։

Երկրորդ տարբերակը՝ հասարակության հիասթափության վրա խաղալն է։ Եթե իշխանությանը հաջողվի մարդկանց մեջ վերջնականապես սպանել ընտրությունների հանդեպ հավատը և ապահովել, որ մասնակցությունը չգերազանցի ընտրելու իրավուքն ունեցողների 40 տոկոսը, ապա նույն այդ 20 տոկոսոը արդեն ընտրություններին փաստացի մասնակցածների  թվի մեջ կդառնա «50 տոկոս»։ Սակայն այս սցենարն էլ դժվար իրագործելի է․ քաղաքական դաշտում առկա են մի քանի ընդդիմադիր միավորումներ, որոնք ակտիվորեն աշխատելու են հանրության հետ և փորձելու են բարձրացնել մասնակցությունը։

Հենց այս փակուղային իրավիճակն է այսօր ձևավորում ՔՊ-ի ներսում աճող նյարդայնությունն ու խուճապը։ Երբ ընտրությունը կանգնած է կեղծիքի և հանրային պայթյունի, կամ հիասթափության և անկանխատեսելի մրցակցության միջև, իշխանության համար որևէ տարբերակ այլևս անվտանգ չի թվում։