ՔՊ-ականները տապալեցին Արցախի հարցով հրավիրած...

Ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց: Նիստի համար գրանցվել էր 33 պատգամավոր: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չէի եկել նիստին: Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավել, քան 4 ժամ: Նիստի օրակարգում մեկ հարց է՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ հայտարարության նախագիծը:

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցելու ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստին։ Թեև քվորում չկար, և հետևաբար նիստը չսկսվեց, սակայն ընդդիմադիր պատգամավորները չլքեցին դահլիճը, նիստերի դահլիճում ամբիոնին մոտեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը և առանց բարձրախոսի ընթերցեց հայտարարության տեքստը, որին հետևեցին ընդդիմադիրների ծափահարությունները: