Քոչարյանի և Սարգսյանի  տարաձայնությունը միայն...

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրերս տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ամենաշատ հարցերը հնչեցին իր և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին։ Մարդկանց իսկապես հետաքրքրում է, թե ինչպիսի՞ն են այդ հարաբերությունները, կամ ինչպես «Հրապարակ» օրաթերթի լրագրողը ձևակերպեց՝ «մարդկանց հետաքրքրում է, արդյո՞ք Քոչարյանի վերադարձը նշանակում է նաև Սերժ Սարգսյանի իշխանության արատավոր բարքերի վերադարձ, որից հոգնած 2018 թվականին մարդիկ փողոց էին դուրս եկել»։ 

Լրագրողների այս հարցերին նախագահ Քոչարյանը հիմնականում պատասխանում էր ակնարկներով։ Խոսքից հասկանալի էր, որ Սերժ Սարգսյանի հետ չունեն այնպիսի հարաբերություններ, ինչպես ներկայացնում է իշխանության քարոզչամեքենան, որը մեկ բառով ներկայացվում է «սերժառոբական» կլան։ Նախագահի խոսքից հասկանալի է, որ ոչ միայն չկա այդպիսի կլան ու դա իշխանական հորինվածք է,  այլև այնքան վաղուց չի հանդիպել Սերժ Սարգսյանին, որ անգամ չի էլ հիշում, թե երբ է վերջին անգամ հանդիպել։

Ասուլիսի ընթացքում, երբ լրագրողներից մեկը հարցրեց իր և Սարգսյանի տարաձայնությունների մասին, նախագահ Քոչարյանն ասաց․ «Տարաձայնություն բառն այնքան լայն սպեկտր ունի՝ թշնամությունից մինչև տարաձայնություն փոքր հարցերի շուրջ։ Եթե ես մի տեսակի վիսկի եմ սիրում, մեկ ուրիշն՝ այլ, դա չի խանգարում, որ մենք մեկ սեղանի շուրջ նստենք և ես իմ վիսկին խմեմ, նա՝ իր»։

Ահա այս հարցում երկրորդ նախագահը մի փոքր համեստություն է արել, քանի որ իր և Սերժ Սարգսյանի տարաձայնությունը վիսկիի տեսակից շատ անդին է։  Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականին նախագահի պաշտոնը թողնելուց հետո արդարացիորեն քննադատել է Սերժ Սարգսյանի իշխանության բոլոր սխալները՝ մեքենաների կայանման վճարների գանձումից՝ այսպես կոչված «կարմիր գծերի» ներդնումից, մինչև հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտություն։ Բոլոր այս հարցերում նախագահ Քոչարյանը դեմ է արտահայտվել հրապարակային հարցազրույցներով և առաջարկել իր լուծումները։ Բոլոր այդ առաջարկները մինչև 2018 թվականը Սերժ Սարգսյանի իշխանությունը ընդունել է թշնամաբար։ Ավելին՝ մինչև 2018 թվականը Քոչարյանը իր քնանդատություններից մեկում պատմական կանխատեսում էր արել։ 2015 թվականին, երբ Սերժ Սարգսյանը փոխում էր երկրի Սահամանդրությունը, երկրորդ նախագահ Քոչարյանը հարցազրույց էր տվել, դեմ արտահայտվել կառավարման մոդելի փոփոխության մասով և ասել, որ իր տպավորությամբ Սահամանդրությունը փոխվում է, որպեսզի այլ թիմի բերեն իշխանության։

Այս տարաձայնությունները ինչպես տեսնում եք ավելին են, քան խմիչքի նախասիրությունը։ Հայաստանի քաղաքական անցուդարձին ցանկացած քիչ թե շատ տեղյակ մարդ լավ է հասկանում, թե ինչո՞ւ չեն կարող միավորվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այնպես որ առավել անբնական կլինի նման միավորումը, քան այն տարանջատումը, որը հիմա կա, իսկ Քոչարյանն անբնական, կեղծ ձևի սիրահար չէ։ Սա էլ գոնե ժամանակը ապացուցել է։