Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շայբանիի հետ։
Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը՝ ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Սիրիայում ԱՄՆ զինծառայողների դեմ ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով զոհվել են երկու ամերիկացի զինվորներ և մեկ քաղաքացիական թարգմանիչ:
Պետդեպարտամենտի փոխանցմամբ՝ Սիրիայի ԱԳ նախարար ալ-Շայբանին ցավակցություն է հայտնել և վերահաստատել Դամասկոսի հանձնառությունը՝ քայքայելու և ոչնչացնելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքը:
«Միացյալ Նահանգները պատասխանատվության կենթարկի բոլոր նրանց, ովքեր վնասում և սպառնում են ամերիկացիներին»,-ասված է Պետդեպի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ օրեր առաջ սիրիական լրատվամիջոցները հայտնել էին, որ Սիրիայի և ԱՄՆ-ի միացյալ ուժերը հարձակման են ենթարկվել Պալմիրայի շրջանում։



